Կարևոր իրադարձություններ

Հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրը դպրոցների առավելապես քաղաքականացված լինելն է

17 Հուլիս, 2018 15:25
Հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրը  դպրոցների առավելապես քաղաքականացված լինելն է

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: 

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ խիստ արդիական են հրատապ խնդիրների լուծումը և կրթության զարգացման հիմնական ուղենիշների ամրագրումը կրթության բոլոր օղակներում՝ նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական: «Մեր միջազգային գործընկերների հետ ներկայումս ակտիվ աշխատանք ենք տանում՝ նախակրթարանների ծրագրի հետ կապված, և առաջիկայում հատկապես հեռավոր համայնքներում դրանց թվի զգալի աճ կունենանք: Պետությունը պատրաստ է ֆինանսական ռեսուրսներ հատկացնել այս ծրագրին: 

Հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ դպրոցներն առավելապես քաղաքականացված են եղել, և կառավարման խորհուրդները չեն ծառայել իրենց բուն նպատակին՝ եղել են բացառապես տնօրեն ընտրելու և իշխանությունը վերարտադրելու գործիք, մինչդեռ դրանք ավելի մեծ լիազորություններ ունեն: Ներկայումս մշակվում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ, որի նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: 

Այս առումով ակնկալում ենք հասարակական խորհդի ակտիվ ներգրավվածությունը»,-նշել է նախարարը և հավելել, որ հասարակության շրջանում մեծ է դժգոհությունը՝ պայմանավորված 12-ամյա կրթության հետ: 

«Խնդիրը նրանում է, որ ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին, հետևաբար անհրաժեշտություն կա՝ դրան նոր և իրական բովանդակություն փոխանցել:  Բացի այդ, հանրակրթության ոլորտում մեր հիմնական կարգախոսը լինելու է՝ կրթության հասանելիություն բոլորի համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի նաև «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կոչ անելով հասարակական խորհրդի անդամներին՝ հանդես գալ համապատասխան առաջարկներով: 

Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է բուհերի ներքին ցանց ստեղծելու գաղափարը, որը թույլ կտա ապահովել կրեդիտների և ուսանողների շարժունություն, բուհական համայնքի զարգացում և մրցակցության աճ: «Մենք պետք է նաև գիտությունը վերադարձնենք բուհեր. այդ հարցով որոշ առաջարկներ կան, մասնավորապես, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքները միավորելու համատեքստում, սակայն այն կհայտնվի՞ մեր օրակարգում, թե՞ ոչ, ցույց կտան առաջիկա քննարկումները»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը միտված է կրթության ոլորտին հատկացնել ֆինանսական ռեսուրսներ, սակայն դրանք լավագույնս օգտագործելու համար պետք է ուղղվեն կոնկրետ ծրագրերի ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին