Կարևոր իրադարձություններ

Վերականգնվել է ավելի քան 43.000.000 միլիոն դրամ

17 Հուլիս, 2018 13:27
 Վերականգնվել է ավելի քան 43.000.000 միլիոն դրամ

ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում իրականացված աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահի կողմից նույն բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 դրամ ավելի գումարներ են վճարվել և յուրացվել։ 

Դրանց մի մասը վերականգնվել է աուդիտի, իսկ մյուս մասը՝ ծառայողական քննության ընթացքում։ 
Բացի այդ, ինչպես հայտնում են ոստիկանությունից, Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները ժամանակավոր կատարելիս Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին իրեն ավելի է վճարել 4.522.448 դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։ 

Տավուշի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը 2016 թվականի և 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում իր աշխատավարձի հաշվեհամարին ավելի է վճարել ընդհանուր 380.857 դրամ, որը հետագայում վերականգնվել է ամբողջությամբ։ Ընդհանուր վերականգնված գումարը կազմում է 43.396.986 դրամ։  

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել վերը նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին