Կարևոր իրադարձություններ

Ընտրակաշառքի հետքերով. Բնակչության նկատելի մի զանգված կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում. «Ժողովուրդ»

17 Հուլիս, 2018 08:47
Ընտրակաշառքի հետքերով. Բնակչության նկատելի մի զանգված կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ համակարգը սկսել է զբաղվել 2017թ. ԱԺ ընտրությունների ընտրակաշառքի թեմաներով: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը: Բացի պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելուց՝ գյուղապետն ու որդին մեղադրվում են ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ:

 

Ըստ ՀՔԾ հաղորդագրության` ԱԺ ընտրություններում նա ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու և այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր 13 մլն ՀՀ դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10 հազարական դրամ մեկ ձայնի դիմաց:

2017թ. ԱԺ ընտրություններում ընտրակաշառքի գետերին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է բազմիցս, չնայած նախկին իշխանությունները համառորեն հերքում էին: Հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, այդ ամենի մասին խոսվում է պաշտոնապես. իրավապահ համակարգում քրեական գործ է հարուցվել, այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել:

Նկատենք` ընտրակաշառքի գետեր հոսել են ոչ միայն Վայոց ձորի մարզում, այլև ողջ Հայաստանով մեկ: Այնպես որ, միայն պատգամավոր Արսենյանն ու գյուղապետ Մովսիսյանը չէ, որ նման բան են արել, այլ ԱԺ պատգամավորների, համայնքապետերի, թաղապետերի, համատիրությունների ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը իրենց ողջ թիմով: Այնպես որ, այս ուղղությամբ շարժվելու դեպքում շատ շուտով իրավապահ համակարգի տեսադաշտում կարող են հայտնվել տասնյակ հազարավոր մարդիկ՝ սկսած թեկնածուից, վերջացրած թաղային խաժամուժով՝ «տասովչիկներով», որոնք առանձնակի ջանասիրությամբ էին աշխատում այդ օրը՝ գումարները բաժանելով ու մարդկանց ընտրատեղամասեր հասցնելով: Ու առանց չափազանցության բնակչության նկատելի մի զանգված կարող է հայտնվել եթե ոչ բանտերում, ապա առնվազն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին