Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ում կամ մի ձեռքը չգիտի մյուս ձեռքն ինչ է ուզում, կամ հնարավոր բոլոր միջոցներով տարբեր սցենարներ են շրջանառում․ «Փաստ»

17 Հուլիս, 2018 08:25
ՀՀԿ-ում կամ մի ձեռքը չգիտի մյուս ձեռքն ինչ է ուզում, կամ հնարավոր բոլոր միջոցներով տարբեր սցենարներ են շրջանառում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անակնկալ չեղավ. երեկ Երևանի ավագանու հերթական նիստը չկայացավ: Չնայած որ նիստին և՛ վարող կար, և՛ խմբակցություններից մեկի ներկայությունը: Բայց, դժբախտաբար, թե բարեբախտաբար, դժվար է ասել, քվորում այդպես էլ չեղավ: Եվ նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով անհիշելի՝ «Նիկոլի ժամանակներից» մինչև Նիկոլ Փաշինյանի ժամանակներն այդ կառույցում բարձր պաշտոններ է զբաղեցրել, դեմքի նույն անվրդով արտահայտությամբ ու հանդարտ տոնով կես ժամ ընդմիջումից հետո, կրկին քվորում չլինելու պատճառով հայտարարեց, որ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը համարվում է չկայացած: 

Հիշեցնենք, որ երեք խմբակցություններից քաղաքապետ դառնալու ցանկություն էր հայտնել միայն «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա նաև պաշտոնապես առաջադրվել էր, սակայն նրա ցանկությունն այդպես էլ իրականություն չդարձավ, քանի որ իրադարձություններն այլ ճանապարհով ընթացան: Այսինքն, ընթացան այնպես, ինչպես սպասվում էր: Ավագանու մյուս երկու խմբակցությունների ներկայացուցիչների բացակայության պատճառով բանը պարզապես չհասավ քվեարկության: Եվ՝ վերջ: Քաղաքապետարանի մասին կինոն այսքանով ավարտվեց: 

Ուշագրավն այստեղ այլ հարց է, թե ինչ է լինելու հետո: Այն ակտուալ է դառնում ավագանու անդամների, ինչպես նաև քաղաքական այլ կուսակցությունների և ներկայացուցիչների հայտարարությունների ֆոնին: Ինչ վերաբերում է «Ելք»-ին, ապա խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ չի բացառվում, որ արտահերթ ընտրություններին միասնական ցուցակով հանդես գան: ԲՀԿ-ն նույնպես հայտարարել է, որ իրենք կմասնակցեն ավագանու արտահերթ ընտրություններին, իսկ, օրինակ, ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչ Ենոք Ազարյանի հայտարարությունը, թե չի բացառվում, որ ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին ևս չի մասնակցի, հետաքրքիր տողատակեր է բացահայտում:

«Փաստ»-ը փորձեց ՀՀԿ-ակաաններից պարզել, թե իսկապե՞ս ոչ վաղ անցյալում իշխանական համարվող և իր շոշափուկները բոլոր հնարավոր ու անհնարին տեղերը հասցրած ՀՀԿ-ն իրեն նման շռայլություն թույլ կտա, երբ երկրի ողջ բնակչության կեսից ավելին բնակվում է մայրաքաղաքում: Մյուս կողմից, եթե կուսակցությունը մայրաքաղաքի ավագանիում ընդհանրապես ներկայացված չլինի, դա կնշանակի, որ այն համաձայն է անգամ ԱԺ-ում համեստ ներկայություն ունենալուն:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, պատասխանելով «Փաստի» հարցին, թե արդյո՞ք կուսակցությունը չի մասնակցի ավագանու ընտրությանը, պատասխանեց, որ ՀՀԿ-ն դեռ իր գործադիր մարմնի նիստում այդ հարցը չի քննարկվել: Ուստիև նման որոշում չկա: Իսկ քաղաքապետարանի ավագանու անդամների կողմից արված հայտարարությունը իր սրտովն է:

«Ես կիսում եմ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության այն տեսակետը, որ ճիշտ կլինի այս պարագայում Երևանի բնակիչները Երևանի նոր ավագանի ընտրեն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի մասնակցությանը նոր ընտրություններին, ապա հարցը կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկելուց հետո նոր այդ մասին կարող ենք հայտարարություն անել: Ողջամիտ ժամկետներում դուք կիմանաք կուսակցության որոշման մասին»,- վստահեցրեց Գ. Մինասյանը:

Ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը «Փաստ»-ի հարցերին ի պատասխան նշեց, որ դեռևս պարզ չեն ՀՀԿ-ի հետագա քայլերը: Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանի հայտարարության մասին խմբակցության ղեկավարն ասաց. «Դեռ որևէ քննարկում չի եղել, որ որևէ հայտարարություն տարածենք: Ենոք Ազարյանը կարող է միայն իր տեսակետը հայտնել, բայց չի կարող խմբակցության տեսակետը հայտնել: Մոտ օրերս պարզ կլինի, այդ ժամանակ ավելի հստակ կպատասխանեմ, թե ինչ որոշում է կայացրել ՀՀԿ-ն: Այս պահին միայն կարող եմ ասել, որ դեռ որևէ բան պարզ չէ»: 

Ստացվում է, որ ՀՀԿ-ում կամ մի ձեռքը չգիտի մյուս ձեռքն ինչ է ուզում, կամ հնարավոր բոլոր միջոցներով տարբեր սցենարներ են շրջանառում, որպեսզի ժողովրդի ակնկալիքների մասին տեղեկանան: Մեկ բան հստակ է, որ եթե ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշում կայացնի, կնշանակի, որ ոչ միայն կուսակցության փողերն ու փող տվողներն, այլև մյուս ռեսուրսներն էլ այնքան են պակասել, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նախկին իշխանավորները չեն ցանկանում ցուցադրել: Մյուս կողմից, չեն ցանկանում վաղաժամկետ ցուցադրել իրական վարկանիշը: Դրանով հույս ունեն, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ ինչ-որ կերպ կհասցնեն ոչ միայն քանակական, այլև որակական նոկաուդից դուրս գալ և տպավորություն ստեղծել, թե իրենք ոչ թե արձանագրվելիք թվերից էին «նեղվում», այլ որոշել էին ավելի կուռ ու համախմբված քաղաքականություն վարել: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին