Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Արդյոք ՀՀԿ–ի և նոր իշխանությունների միջև անդրկուլիսային պայմանավորվածություններ կա՞ն, «Փաստ»

17 Հուլիս, 2018 08:08
Արդյոք ՀՀԿ–ի և նոր իշխանությունների միջև անդրկուլիսային պայմանավորվածություններ կա՞ն, «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր Երևանի քաղաքապետի երեկվա ընտրություններին թեկնածու չառաջադրելու մասին: Բացի այդ, նույն կուսակցության ավագանու անդամի մակարդակով հայտարարվել է, որ ՀՀԿ–ն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նաև ավագանու սպասվելիք արտահերթ ընտրություններին, թեպետ այլ ՀՀԿ–ականներ նշում են, թե դեռևս պաշտոնական դիրքորոշում չկա:

 

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը ՀՀԿ–ի նման գործելաոճը մի քանի գործոններով է պայմանավորում:

«Նախ` տարօրինակ է, որ քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարում է ոչ թե կուսակցության նախագահը կամ նրա մամլո խոսնակը, այլ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը կամ, առավել ևս, նրա մի անդամը. Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունն առանձին քաղաքական միավոր չէ, այն մեկ կուսակցության խմբակցություն է: Միգուցե ՀՀԿ–ում հասել են վիճակի, երբ յուրաքանչ յուր խմբակցություն ինքն իր համա՞ր է որոշումներ ընդունում: Նման բան չի լինում նորմալ քաղաքական կառույցներում: Երկրորդ.

ՀՀԿ–ն ավագանու խմբակցությունից կարող էր թեկնածու առաջադրել, սակայն դա էլ չարեց, և, փաստորեն, շարունակում են ՀՀԿ ղեկավարության կողմից իրականացվող ինքնամեկուսացման և ինքնալիկվիդացման քաղաքականությունը: Սկսած մայիսի 8–ից ՀՀԿ–ն ինքնալուծարման քաղաքականություն է տանում: Չենք տեսնում նաև ՀՀԿ բարեփոխման գործընթացը: Իսկ եթե չի բարեփոխվում և մնում է իր ղեկավարի հսկողության տակ, որին քայլ անելով մերժում էին, բնականաբար, ինքնալուծարման ճանապարհով է գնում: Խոսքը ոչ թե կազմակերպչական կամ իրավական, այլ քաղաքական ինքնալուծարման մասին է: Այսինքն` ՀՀԿ–ն կարող է շատ կուսակցությունների նման գրանցված լինել, բայց իրականում չգործել: Իսկ թե ինչու է այդ ճանապարհով գնում, այս պահին դժվար է ասել: Միգուցե իշխանափոխության փուլում ՀՀԿ ղեկավարների և նոր իշխանությունների միջև անդրկուլիսյան բանակցություննե՞ր են եղել. մասնավորապես` ՀՀԿ–ն պետք է ինքնալուծարվի, փոխարենը` ինչ–ինչ հարցեր պետք է լուծվեն: Սա ընդամենը ենթադրություն է, բայց եթե մայիսին շկոտային իրավիճակ կար, ապա հունիսի կեսերից շկոտային իրավիճակ չկա, և նոր իշխանություններն այնքան սխալներ են անում, որոնք ՀՀԿ–ն կարող էր քննադատել: Բացի այդ, գոնե կարող էին սկսել կուսակցության ռեբրենդինգի և վերաբարեփոխման գործընթացը: Այդ ամենը տեղի չի ունենում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

 

Նրա խոսքով` եթե վերոնշյալ կարծիքը սոսկ անձնական տեսակետ չլինի և պաշտոնապես նման որոշում կայացվի, ապա ավագանու ընտրություններին չմասնակցելը ՀՀԿ–ի համար քաղաքական և հոգեբանական առումով շատ ուժեղ հարված կլինի, և կուսակցության շարքերն ավելի մեծ թափով կլքեն: 

Հարցին, միգուցե ՀՀԿ–ն վախենո՞ւմ է մասնակցել` հաշվի առնելով ցածր վարկանիշը, նա պատասխանեց. «Եթե քաղաքական ուժը պետք է վախենա, ուրեմն` ապագա չունի: Բացի այդ, եթե ասում ենք մասնակցությունը տրամաբանական կլինի, նկատի ունենք բարեփոխված ՀՀԿ–ի մասնակցությունը: Իսկ չբարեփոխված ՀՀԿ–ի մասնակցությունն անտրամաբանական կլինի: Դա կնշանակի, որ իրենք համապատասխան եզրակացություններ չեն արել: Չբարեփոխված ՀՀԿ–ն կարող է բավականին ցածր տոկոսներ ստանալ, կասկածելի է, որ կանցնի անցողիկ շեմը: Իսկ չհաղթահարելով այդ շեմը` ավելի մեծ հարվածների կենթարկվի: Դրա համար, եթե չի բարեփոխվել, մասնակցությունն անտրամաբանական է դառնում: Եվ ոչ թե նրա համար, որ կվախենա, որ ցածր տոկոսներ կլինեն, այլ ի սկզբանե գիտի, որ մասնակցում է մի պայքարի, որտեղ պարտվելու է: Դրա համար չմասնակցելը տրամաբանական կլինի: Իսկ ինչ վերաբերում է վարկանիշին, ապա այս պահին ոչ ոք չի կարող ասել, որ թեկուզև չբարեփոխված ՀՀԿ–ն ինչպիսի վարկանիշ ունի, որովհետև այնպես չէ, որ Երևանի բոլոր բնակիչները նոր իշխանության կողմնակիցներն են: Կա ընտրախավ, որ ՀՀԿ–ին կողմ է տարբեր պատճառներով»:

Իսկ հարցին, թե ավագանու ընտրությունները կարո՞ղ են լակմուսի թուղթ դառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, Արմեն Բադալ յանը պատասխանեց. «Միանշանակ՝ չեն կարող: Շատ տարածված համոզմունք կա, ըստ որի` Երևանի ավագանու ընտրություններով կարելի է պատկերացում կազմել, թե խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ–ում այդ ուժերը որքան տեղ կունենան: Սա իրականությանը չի համապատասխանում: Սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրությունների դեպքում կան գործոններ, որոնք չեն լինի ԱԺ ընտրությունների ժամանակ: Առաջինը հետհեղափոխական էյֆորիան է, որը 2–6 ամիս է տևում: Սեպտեմբերն ընկնում է այդ ժամանակահատվածում, իսկ հետհեղափոխական էյֆորիան միշտ որոշակի տոկոսներ է բերում: Իշխանափոխություն իրականացրած ուժը կարող է ստանալ որոշակի տոկոսներ, բայց հետհեղափոխական էյֆորիան ԱԺ ընտրությունների ժամանակ այլևս չի գործելու, ինչը նշանակում է, որ այդ ժամանակ այդ տոկոսը ևս չի գործելու»:

Երկրորդ գործոնը, ըստ քաղաքագետի, քարոզարշավի ժամանակահատվածն է: «Սեպտեմբերին կլինի քվեարկություն, բայց դրանից առաջ օգոստոսին պետք է քարոզարշավ իրականացնել: Իսկ օգոստոսին քարոզարշավ իրականացնելը հակացուցված է: Մարդիկ կխուսափեն դուրս գալ, արևի տակ կանգնել ու լսել: Բացի այդ, օգոստոսին մարդիկ հանգստանում են, շատերը Երևանում չեն: Կա նաև հոգեբանական պատնեշ` քաղաքական ինֆորմացիա ստանալու առումով: Քաղաքական նյութը չի ընկալվում, իսկ քարոզարշավը ագիտացիա է: Իսկ ԱԺ–ի դեպքում, եթե ընտրությունները լինեն մայիսին, ապա ապրիլը քարոզարշավի առումով լավ ժամանակահատված է: Օգոստոսյան քարոզարշավի գործոնն այն ժամանակ չի գործելու: Օգոստոսյան քարոզարշավը ցույց չի տալու իրական ազդեցությունը: Կարող է լավ քարոզարշավ լինել, բայց տեղ չհասնել նշված պատճառներով: Բացի այդ, հայտնի է, թե որ ուժերն են մասնակցելու ավագանու ընտրություններին: Ի տարբերություն ավագանու ընտրությունների` շատ հնարավոր է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ մրցապայքարի մեջ մտնեն նոր ուժեր, ինչը ևս կփոխի ապագա խորհրդարանի համայնապատկերը: Մյուս գործոնը. Երևանը ՏԻՄ մարմին է: Ճիշտ է, քաղաքական խնդիր կա, բայց հիմնականում քաղաքային խնդիրների լուծումներ են սպասվում: Իսկ ԱԺ ընտրություններում քաղաքական հարցերով են առաջնորդվելու: Մեկ այլ գործոն էլ կա` արտաքին քաղաքական կենտրոնների ազդեցությունը ավագանու ընտրություններին զրո է լինելու: Մեծ հաշվով` ԱԺ–ի դեպքում պատկերն այլ կլինի: Չի կարելի ասել, որ եթե այդ ուժերը հաղթեցին ավագանու ընտրություններում, նույն պատկերը լինելու է նաև խորհրդարանում»,–եզրափակեց քաղտեխնոլոգը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին