Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս, 2018 14:55
Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

«Այսօրվա մեր քննարկումը նվիրված է առողջապահության ոլորտի ֆինանսավորման խնդիրներին: Մեր խնդիրն է՝ հասնել այնպիսի լուծումների, որպեսզի բուժման կարիք ունեցող ՀՀ ոչ մի քաղաքացի, այսպես ասած, չմնա հիվանդանոցների դռներին: Մենք այս խնդրի լուծման համար պետք է հարցեր լուծենք երկու մակարդակում. առաջինը՝ առողջապահության ոլորտին հատկացվող գումարների ծախսման արդյունավետության բարձրացումն է, երկրորդը, որը ռազմավարական խնդիր է, առողջապահության ապահովագրական համակարգի անցման ուղղությամբ խնդիրների լուծումը, որպեսզի գործնականում պետությունը յուրաքանչյուր անգամ ստիպված չլինի միջամտել անհատական դեպքերին և մենք ունենանք համակարգային լուծումներ, որոնք կաշխատեն ինքնաշխատ եղանակով:

 

Իհարկե, հասկանալի է, որ սա պետք է լրացուցիչ ծախսեր առաջացնի պետության համար, մեր խնդիրն է՝ այդ ծախսերի ֆինանսավորման ապահովումը: Սա մեր քաղաքական խնդիրն է ու պարտավորությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարության խնդիրն է հասկանալ նշված խնդրի լուծման ճանապարհները և գտնել հստակ լուծումներ: «Առնվազն առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը, որպեսզի նրանք այդ բուժօգնության ամբողջական կամ որոշակի տրամաբանական փաթեթների նկատմամբ ունենան հասանելիություն»,- ընդգծել է վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայություններին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին, բուժօգնության ֆինանսավորման մեխանիզմներին: Նախարարի խոսքով՝ ներկայումս տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակներում առաջանում են հերթեր, ինչը լուրջ խնդիրն է առաջացնում այն քաղաքացիների համար, որոնց վիրահատությունը կամ բուժօգնությունն անհրաժեշտ է լինում տվյալ պահին: Ըստ նրա, հերթերը պայմանավորված են միջոցների սղությամբ, որոնք բաշխվում են ըստ ամիսների: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այս պարագայում առողջապահական ապահովագրության համակարգը դիտում են որպես խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը, և հավելել, որ  պետական ծառայողների համար այժմ գործող ապահովագրական համակարգը գործում է ընդհանուր առմամբ արդյունավետ: Նա անհրաժեշտ է համարել դիտարկել ժամանակի ընթացքում ամբողջությամբ ապահովագրական համակարգի անցնելու հարցը:

Այնուհետև խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել  առողջապահության ոլորտի ֆինանսավորման մեխանիզմների, աղբյուրների հստակեցման, սոցիալապես անապահով քաղաքացիների առողջապահական խնդիրների լուծման շուրջ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ներկայացված առաջարկությունները ևս մեկ անգամ մանրամասն քննարկել և արդյունքները ներկայացնել իրեն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին