Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում Սիրիայում ռազմական գործողությունների մասնակիցներ են ձերբակալվել Գյանջայի իրադարձությունների առնչությամբ. ՌԻԱ Նովոստի

15 Հուլիս, 2018 19:18
Ադրբեջանում Սիրիայում ռազմական գործողությունների մասնակիցներ են ձերբակալվել Գյանջայի իրադարձությունների առնչությամբ. ՌԻԱ Նովոստի

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մի խումբ մարդկանց է ձերբակալել, որոնք մասնակցել են Սիրիայում ռազմական գործողությունների: Նրանցից մեկը ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի Գյանջա քաղաքում (Գանձակ) անկարգություններին, որտեղ ավելի վաղ զինված հարձակում է տեղի ունեցել քաղաքապետի վրա և բախումների ընթացքում երկու ոստիկան է սպանվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

«Յունիս Սաֆարովը, ով մահափորձ է իրականացնել Գյանջայի քաղաքապետի նկատմամբ, ավելի վաղ Սիրիայի տարածք է ուղարկվել ոմն Տոխիդ Իբահիմբեյլիի կողմից, ով այժմ բնակվում է Իրանում: Սիրիա Յունիս Սաֆարովին ուղարկելու նպատակը նրա կողմից ռազմական պատրաստվածություն ստանալն էր և ռազմական գործողություններին մասնակցելը: Տոխիդ Իբրահիմբեյլին, ով պարբերաբար հանդես է գալիս Ադրբեջանի դեմ արմատական կոչերով, դեռ 2017 թվականի հունվարին կոչ է արել սպանել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևին արմատական շիաների կայքում»,- հայտնել է աղբյուրը:

Պարզվել է, որ 2013-ից 2016 թվականներին Իբրահիմբեյլին իրանական Գում քաղաքում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների է հավաքել նրանց Սիրիա ուղարկելու և այնտեղ զինված խմբավորումների կազմում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: Յունիս Սաֆարովից բացի այդ հավաքների թվում է եղել նաև Տալեխ Գեյուշովը, ով եղել է հուլիսի 10-ին Գյանջայում ցույցերի ակտիվ մասնակիցներից մեկը: Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ անօրինական գործողությունների առնչությամբ այդ անձինք ձերբակալվել են հուլիսի 14-ին երկրի պետական անվտանգության ծառայության կողմից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գյանջա քաղաքում անկարգությունների համար ընդհանուր առմամբ 22 մարդ է ձերբակալվել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջա քաղաքում իրադարձություններն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված Ադրբեջանի պետականության դեմ: Հաղորդվել է, որ ուրբաթ առավոտյան  Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում ոստիկանի սպանության համար մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը:

 

Լրահոս

Դիտել ավելին