Կարևոր իրադարձություններ

Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի զինծառայության հետ, նրա՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են. ՀՀ ոստիկանություն

15 Հուլիս, 2018 13:51
Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի զինծառայության հետ, նրա՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են. ՀՀ ոստիկանություն

Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: 

Տարածված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով հերքել է Կարեն Ղազարյանի հետախույզ լինելու մասին լուրերը, և նշել, որ քաղաքացու՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին հանգամանքները ճշտվում են: 

Աշոտ Ահարոնյանը մասնավորապես գրել է. «Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: 

Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: 

Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»: 

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում պարզաբանում էր ներկայացրել, համաձայն որի՝ ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ, ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում։  

«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,-գրել էր Արծրուն Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին