Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

14 Հուլիս, 2018 14:05
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ։ 

«Այսօր՝ հուլիսի 14-ին, մեր բարեկամ Ֆրանսիան նշում է իր ազգային տոնը: Այն վաղուց դարձել է ոչ թե մեկ պետության տոն, այլ բազմաթիվ ազգերի համար վերածվել է նոր իմաստ ու խորհուրդ պարունակող օրվա: 1789 թվականի հուլիսի 14-ը, երբ Ֆրանսիայում և ողջ Եվրոպայում թևածում էր ազատության ոգին, բացառիկ նշանակություն ունեցավ մարդկության հասարակական, մշակութային, քաղաքական և պետական մտքի զարգացման համար:

Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և նրա դավանած համամարդկային արժեքները գծեցին այն ուղին, որով անցավ Ֆրանսիան և ճանապարհ հարթեց աշխարհի շատ ու շատ ժողովուրդների համար:

Այն նաև բացառիկ հետք թողեց ազատության համար ոտքի ելած հայ ժողովրդի մշակույթի գրեթե բոլոր ասպարեզներում և արվեստի հզոր ուժով դաստիարակվեցին սերունդներ, որոնց պայքարի արդյունքը եղավ անկախ պետականության վերականգնումը:

Հայ քաղաքական միտքը միշտ պահպանեց հոգեհարազատությունը Ֆրանսիական մեծ հեղափոխության հռչակած գաղափարներին: Դրա լավագույն արտացոլումներից մեկն այն իրողությունն է, որ այս տարվա աշնանը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի մասնակիցներին և երկու տարի կնախագահի այս հեղինակավոր կազմակերպությունում:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթում երջանկություն, կայուն զարգացում ու նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին