Կարևոր իրադարձություններ

«Պետք է զին­վել համ­բե­րու­թյամբ և տես­նել, թե ինչ զար­գա­ցում­ներ են սպաս­վում». «Փաստ»

14 Հուլիս, 2018 08:33
«Պետք է զին­վել համ­բե­րու­թյամբ և տես­նել, թե ինչ զար­գա­ցում­ներ են սպաս­վում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի վարչապետի ու պատվիրակության այցը Բրյուսել հաջողված էր: Առհասարակ շատ կարևոր է տարբեր երկրների հետ հավասարակշռված հարաբերություններ ունենալը: Դա կարևոր է հատկապես արևմտյան երկրների և Ռուսաստանի առումով: Կարծում եմ` երբևիցե չպետք է այդ տրամաբանությունից հրաժարվենք : «Փաստ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության բրյուսել յան այցին:

 

Ինչ վերաբերում է այցի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, Դավիթ Բաբայանը նշեց. «Յուրահատուկ հանդիպում էր` հաշվի առնելով նախ այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳ նախարարի համար սա առաջին հանդիպումն էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Եվ բացի այդ` քանի որ իշխանափոխություն է եղել, այդ առումով ևս պետք է տարբեր հարցերի շուրջ քննարկումներ լինեն, տեսնեն` ընդհանուր լուծումներ կա՞ն, թե՞ ոչ: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով, որ հանդիպման տևողությունը մոտ 4 ժամ է եղել, դա ևս հիմք է տալիս ենթադրել, որ այդ հարցերը քննարկվել են: Պաշտոնական Երևանը կրկին հաստատել է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը: Շատ կարևոր է նաև արված այն շեշտադրումը, ըստ որի` Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմատենչ հռետորաբանությունից, քանի որ հայատյացությունը դարձել է իրենց պետականության հիմքերից մեկը: Սա հակամարտության կարգավորման ամենագլխավոր խոչընդոտներից մեկն է»:

Նրա խոսքով` շատ բարդ է այս պարագայում, իսկ Ադրբեջանն այդ հռետորաբանությունը փոխելու ուղղությամբ որևէ քայլ չի կատարում. «Ընդհանուր առմամբ, պետք է զինվել համբերությամբ ու տեսնել, թե ինչ զարգացումներ են սպասվում»:

Դավիթ Բաբայանը նշեց, որ հայկական պատվիրակության կողմից բարձրացվել են Արցախին առնչվող բոլոր կարևոր դրույթները: «Խնդիրն այն չէ, որ այդ դրույթները միայն հանդիպման ժամանակ պետք է հնչեցնեն: Ընդհանուր առմամբ, նոր իշխանությունները նշել են, որ հատուկ ուշադրություն են դարձնելու ձևաչափի վերականգնման հարցին (Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ-խմբ.): Իհարկե, 1998 թվականից փորձեր կատարվել են, այնպես չէ, որ այդ գաղափարից հրաժարված իրավիճակ էր: Բայց հիմա այդ գաղափարը հաստատվել է և ՀՀ իշխանությունները ավելի նոր որակ են փորձում հաղորդել այդ ձևաչափի առումով, ինչը ողջունելի է: Բացի այդ` պետք է հասկանալ, որ սա երկարաժամկետ գործընթաց է և, ըստ ամենայնի, Ադրբեջանը փորձելու է թույլ չտալ դա: Այստեղ միակ խոչընդոտն Ադրբեջանն է և իր ոչ կառուցողական դիրքորոշումը: Ուղղակի պետք է քրտնաջան աշխատել մեր նպատակին հասնելու համար»,-ասաց խոսնակը: 

 

Դավիթ Բաբայանի հետ զրույցում անդրադարձանք նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներին: Մասնավորապես, հռչակագրի վերաբերյալ հնչեցրած այն կարծիքներին, համաձայն որոնց` ձևակերպումը վտանգավոր է այն առումով, որ Ադրբեջանն այն կարող է հօգուտ իրեն օգտագործել: Փաստաթղթում նշվել էր. «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»: 

«Տարածքային ամբողջականությունը մեր մասով մի քիչ այլ է, քան Վրաստանի կամ Մոլդովայի պարագայում: Բայց Արևմուտքի տեսլականը շատ հստակ է` հաշվի առնելով նաև ՌԴ-Արևմուտք այս հակամարտությունը: Մեր պարագայում այլ է: Նախևառաջ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մենք էլ ենք ընդունում, բայց դա չի նշանակում, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է: Իրենք ունեն իրենց տարածքը, մենք մերը: Չպետք է սահմանների հարցը դիտարկել միայն այն տեսակետից, որ Ադրբեջանն է ներկայացնում, մենք էլ ունենք հարցեր Շահումյանի, Հյուսիսային Արցախի, Գետաշենի, Մարտակերտի, Մարտունու գրավյալ տարածքների առումով: Բարդ հարց է, բայց հիմա սա մի ձևակերպում է, որը քիչ թե շատ և ինչ-որ տեղ չեզոք է: Բացի դրանից` ՆԱՏՕ-ն չի զբաղվում հակամարտությունների կարգավորմամբ»,-ասաց նա` շեշտելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, և ի սկզբանե ասել, թե այս կամ այն սկզբունքն է գերակշռողը, ճիշտ չէ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին