Կարևոր իրադարձություններ

Հանրապետականները «պոպկորնով-գարեջրով» հետեւում են փաշինյանական կառավարության քայլերին. «Հրապարակ»

14 Հուլիս, 2018 08:25
 Հանրապետականները «պոպկորնով-գարեջրով» հետեւում են փաշինյանական կառավարության քայլերին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․« Հանրապետականները «պոպկորնով-գարեջրով» հետեւում են փաշինյանական կառավարության քայլերին՝ ձախողումներից, քննադատություններից ուրախանում ու մխիթարվում՝ սփոփելով իրենց ու մերձավորներին, որ այդքան էլ վատ իշխանություն չէին: Որ իրենցից վատն էլ կարող է լինել, ու, բացի այդ՝ «դեռ ինչե՜ր են ըլլալու»։ Նրանք մասնավոր զրույցներում ասում են, որ Փաշինյանը թեեւ հայտարարել էր, որ կադրային ջարդ չի անելու, սակայն բոլոր ոլորտներում փոփոխություններ արեց՝ ոչ միայն համակարգերի առաջին դեմքերի ու տեղակալների մակարդակով, այլեւ անգամ վարչության պետերի: Փոփոխությունները նախարարություններից, ԾԻԳ-երից, ՊՈԱԿ-ներից հասել են մարզպետարաններ՝ փոխմարզպետներ, քաղաքապետեր: ՀՀԿ-ականները չարախնդում են, թե այս տեմպերով մինչեւ աշուն Հայաստանում էլ քաղաքապետ չի մնա:

Արդեն իսկ հրաժարականներ են ներկայացրել Արմավիրի, Հրազդանի, Էջմիածնի, Կապանի, Երեւանի քաղաքապետերը, նրանց տեղում նշանակվել են անհայտ անձինք, երիտասարդ կանայք, որոնց պաշտոնավարումն անգամ «Քաղպայմանագրի» ներսում որոշ տարակուսանք է առաջացրել: Եվ քանի որ բոլոր այն քաղաքապետերը, ովքեր հրաժարական են ներկայացնում, անմիջապես հայտնվում են իրավապահների տեսադաշտում, դառնում թիրախ, ուստի կամուկացի մեջ են հայտնվել: Նրանք չգիտեն՝ հրաժարական տան եւ հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում, թե՞ շարունակեն դիմադրել՝ իրենց նյարդերի ու առողջության հաշվին: Այնպես որ՝ դժվար ժամանակներ են ապրում ՀՀԿ-ական պաշտոնյաներն այս շրջանում։ Նրանցից ոչ մեկը «հրեշտակ» չէ, եւ յուրաքանչյուրի տակ հատորներով քրեական գործի նյութեր կան թաքնված։ Նրանք ոչ մի վստահություն չունեն վաղվա օրվա հետ կապված եւ թաքուն տեղերում հայհոյում են Սերժ Սարգսյանին, որ իրենց այսպես «քաշեց»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին