Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558,5
    566,5

  • RUB

    7,59
    7,84

Կարևոր իրադարձություններ

Վարչապետը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

13 Հուլիս, 2018 21:42
Վարչապետը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում: 

Վարչապետն ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական բնույթը և հավելել, որ այն հիմնված է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլ նաև մարդկային ամուր կապերի վրա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցել է ջերմ և արդյունավետ հանդիպում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի  հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել նաև, որ Երևանում աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը ոչ միայն կնպաստի Ֆրանսիայի, այլ նաև ֆրանկոֆոն մյուս երկրների հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:

Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել վարչապետին դեսպանություն այցելելու և շնորհավորանքների համար: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և իրականացվող փոփոխությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել Ֆրանսիայում, այդ թվում՝ ներդրողների շրջանում և գնալով ավելանում է այն ձեռնարկությունների թիվը, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ-ում: Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր առկա է դրական մեծ էներգիա, որը մեծ ազդեցություն կունենա նաև հայ-ֆրանսիական կապերի և ներդրումների ներգրավման վրա:

Վարչապետ Փաշինյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում, մասնավորապես, ասված է. 

«Մեծարգո պարոն նախագահ,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցու­թյամբ:

Ուրախ եմ, որ Բրյուսելում մեր հանդիպումը հիանալի առիթ դարձավ ծանո­թա­նալու և շարունակելու մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղա­քա­կան երկխոսության բարի ավանդույթը, ինչպես նաև վերահաստատելու Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական հարուստ հենք ունեցող առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդմանը մեր համատեղ հանձնառությունը:  

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամար­տության՝ բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման գործըն­թացին:

Կարևորում ենք նաև Ֆրանսիայի աջակցությունն անկախությունից ի վեր Հայաստանում ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու գործին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը՝ ներառյալ Համապարփակ և ընդլայն­ված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Հավատացած եմ, որ հոկտեմբերին նախատեսվող Ձեր պետական այցը Հայաս­տան կարևոր հանգրվան կդառնա մեր երկրների միջպետական հարաբե­րություն­նե­րում՝ որակական նոր մակարդակ հաղորդելով նաև երկկողմ տնտեսական կապե­րին։      

Անշուշտ, հայ-ֆրանսիական օրակարգին սերտորեն առնչվող մեկ այլ նշանակալի իրադարձություն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը մեր երկրում, որի ամենաբարձր մակարդակով անցկացումը մեզ համար առաջնահերթություն է։ 

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, շարունակական առաջընթաց և բարօրություն»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին