Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնական կայքէջում հուլիսի 11-ին հրապարակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Արցախում և Ադրբեջանում պատմության և մշակույթի հուշարձանների վիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՄԱԿ-ում, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում։ Այս մասին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի Հանրապետության տարածքում բոլոր ճարտարապետական հուշարձաններն Արցախի սեփականությունն ու ժառանգություն են, ներառված են Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պահպանության տակ։
Փաստաթղթում փաստեր են ներկայացվում, որոնք հերքում են Ադրբեջանի մեղադրանքները՝ Արցախի տարածքում մահմեդական հուշարձանների իբրև ոչնչացման վերաբերյալ։ Հուշագրում նշված է, որ կեղծ մեղադրանքներից բացի Ադրբեջանը որևէ ապացույցներ չի ներկայացնում և փորձում է իր իսկ մոտեցումներն ու գործողությունները վերագրել հայկական կողմին։ Այս համատեքստում ընդգծված է, որ խորհրդային ժամանակահատվածում և պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Արցախի տարածքում գտնվող հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Այսօր նույնպես Ադրբեջանը շարունակում է հայկական հուշարձանների ոչնչացման նպատակաուղղված քաղաքականությունն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ավելին, խաղաղ ժամանակ ադրբեջանական իշխանություններն ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացրել են բոլոր հայկական պատմական և մշակութային հուշարձանները Նախիջևանում, որտեղ 20-րդ դարի վերջին կային թվով 218 հայկական քրիստոնեական վանքեր, եկեղեցիներ, զանգակատներ, ավելի քան 4500 խաչքարեր և միայն 6 մզկիթներ։
Այս համատեքստում ընդգծված է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի մեջ չկա որևէ դրույթ, որը սահմանափակի կրոնի ազատության իրավունքի իրացումը, այդ թվում` եկեղեցիների կառուցումը։ Հայերը սկսել են եկեղեցիներ կառուցել ավելի քան 1700 տարի առաջ՝ մինչ Ադրբեջանի հայտնվելը։ Արցախի դիրքորոշմամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կրոնական չէ, բայց իրենից ներկայացնում է երկու արժեհամակարգերի բախում, որն արտահայտվում է Արցախի կողմից՝ ազատության և ժողովրդավարության ձգտման, իսկ Ադրբեջանի կողմից՝ Արցախի ժողովրդին իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքից ուժի միջոցով զրկելու փորձի մեջ։
Հուշագիրը ներառում է նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման և պղծման մասին: