Կարևոր իրադարձություններ

«Հռիփսիմեն բարձր ճչաց ու էլ հետը չեմ խոսել». դատարանում հարցաքննվեցին մահացած ծննդկանի ամուսինն ու սկեսուրը

13 Հուլիս, 2018 11:41
«Հռիփսիմեն բարձր ճչաց ու էլ հետը չեմ խոսել». դատարանում հարցաքննվեցին մահացած ծննդկանի ամուսինն ու սկեսուրը

2018 թ. հուլիսի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Գզոգյանի նախագահությամբ, շարունակեց հետազոտել 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով ապացույցները, ապա լսեց տուժողի իրավահաջորդին ու վկաներից մեկին: Ծննդկանի մահվան մեջ  մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Դատարանը շարունակեց հետազոտել ապացույցները: Ի թիվս այլ ապացույցների՝ դատախազ Գ. Մանուկյանը ներկայացրեց Դավիթ Շահվերդյանի աշխատանքային պայմանագիրն ու նրան տրված լիցենզիաները, տվյալ իրավիճակում կլինիկական ուղեցույցով նախատեսված բժշկական օգնության տեսակները: Դրա առնչությամբ պաշտպան Ա. Ոսկանյանը հայտարարություն արեց և նշեց, որ մեղադրական եզրակացության հիմքում դրվել է մի փաստաթուղթ, որի գործողության ժամկետը ավարտվել է. Դավիթ Շահվերդյանին տրված լիցենզիայի ժամկետը 2000 թ.-ին լրացել է և 2001 թ.-ից ՀՀ-ում բուժաշխատողների լիցենզավորում չի իրականացվում: Ապա հավելեց, որ Դ. Շահվերդյանը մինչ օրս իր գործունեությունն իրականացնում է իրավաբանական ուժ չունեցող փաստաթղթի հիման վրա: Դրան դատախազ Գ. Մանուկյանը հակադարձեց՝ պաշտպանին պարզաբանելով, որ «մեղադրանք չի առաջադրվել լիցենզիա ունենալու կամ չունենալու համար, մեղադրանքի հիմքում դրված է նախ լիազոր մարմնի թույլտվությունը, ապա աշխատանքային պայմանագիրը և հետո միայն լիցենզիաները»: Դատարանը ներկայացրեց նաև ամբաստանյալի անձը բնութագրող փաստաթղթերը, նրան տրված հավաստագրերը:

Ապա հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ՝ մահացած ծննդկանի ամուսինը՝ Համլետ Ղուկասյանը: Նա պատմեց դեպքի մասին իրեն հայտնի հանգամանքները: Կողմերի հարցերին ի պատասխան՝ ասաց, որ մինչ ծննդաբերությունը Հռիփսիմեն չի գանգատվել, առանձնապես խնդիրներ չեն եղել, միայն ծննդաբերությունից 21 օր առաջ պոլիկլինիկայի բժիշկն ուղեգրել է Վանաձորի ծննդատուն, որտեղ Դավիթ Շահվերդյանը հավաստիացրել է, որ ոչ մի լուրջ բան չկա, պարզապես հղիի տարիքով պայմանավորված՝ նա պետք է հսկողության տակ մնա: Իսկ ծննդաբերությունից մոտ 20 րոպե անց խոսել է կնոջ հետ հեռախոսով, պատուհանից տեսել կնոջն ու երեխային: Ավելի ուշ տուն են գնացել և Հռիփսիմեի ահազանգից հետո, որ իրեն վատ է զգում, շտապ եկել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները նախ հայտնել են, որ անհրաժեշտ է արգանդը հեռացնել, ստացել են նրա համաձայնությունը, ապա քիչ հետո հայտնել են, որ ծննդկանի կյանքը փրկել չհաջողվեց: Դատախազ Գ. Մանուկյանը հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքի և դատարանում հայտնածի միջև որոշակի տարբերություններ կան՝ մասնավորապես ժամերի հետ կապված և առաջարկեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, կողմերը չառարկեցին: Հ. Ղուկասյանը հաստատեց, որ հրապարակված ցուցմունքը ճիշտ է: Հաջորդիվ հարցաքննվեց գործով վկա Քնարիկ Մնացականյանը, որը մահացած ծնդկանի սկեսուրն է: Նա ևս պատմեց մինչծննդաբերական շրջանի ու ծննդաբերության օրվա մասին:

Նշեց, որ ծննդաբերությունից հետո, երբ իրենք տուն էին գնացել հանգստանալու և նշելու երեխայի ծնունդը, ժամը 20:30-ի սահմաններում իրեն է զանգահարել Հռիփսիմեն, հայտնել, որ շատ վատ է զգում ու որ լրիվ մենակ է հիվանդասենյակում, և խնդրել է շտապ գնալ հիվանդանոց: Վկայի փոխանցմամբ՝ նրանց հեռախոսազրույցն ընդհատվել է Հռիփսիմեի բարձր ճիչով, որից հետո իր զանգերին Հռիփսիմեն չի պատասխանել: Նա կասկած ունի, որ մահը վրա է հասել հենց այդ պահին, իսկ բժիշկների հետագա գործողությունները ժամանակ շահելու նպատակ են ունեցել: Վկան պատմեց, որ դեպքից հետո որդին ծանր հոգեբանական վիճակում է, ապա դառնալով ամբաստանյալին՝ հուզված հորդորեց. «Չի կարելի. մեզ արեցիք, ուրիշներին չանեք»: Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով մյուս վկան չհարցաքննվեց. նա կհարցաքննվի հաջորդ դատական նիստին, որը նշանակված է 2018 թ. հուլիսի 25-ին՝ ժամը 16:00-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Լրահոս

Դիտել ավելին