Կարևոր իրադարձություններ

Ոչ ադեկվատ հայտարարություններն ազդել են թիմակիցների, բայց ոչ վարչապետի վարկանիշի վրա. «Փաստ»

13 Հուլիս, 2018 08:19
Ոչ ադեկվատ հայտարարություններն ազդել են թիմակիցների, բայց ոչ վարչապետի վարկանիշի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշային կորի ներկայիս պատկերը երկու ամիսների ընթացքում փոփոխության չի ենթարկվել: Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը «Փաստ»-ի հետ զրույցում ներկայացրեց ընդհանուր պատկերը: 

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին շատ բարձր է: Սպասվածից մի քիչ ավելի քիչ է իր թիմակիցների վարկանիշը: Ես մի քիչ ավելի բարձր կակնկալեի, բայց նորմալ է, որովհետև իր թիմակիցները որոշ սխալներ են թույլ տալիս, ժամանակ առ ժամանակ իրենց կողմից արված հայտարարությունները ոչ ադեկվատ են և մի փոքր իրականությունից կտրված: Բայց, ընդհանուր առմամբ, կառավարության գործունեության և Նիկոլ Փաշինյանի առումով վարկանիշը շատ բարձր է»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով` Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ազդեցությունը նրա վարկանիշի վրա շատ ցածր է` գրեթե չկա. «Այսինքն` մենք տեսնում ենք, որ որոշ թիմակիցների կողմից ոչ միանշանակ որոշումներ կան, բայց դրանք ոչ մի կերպ դեռ չեն անդրադառնում վարչապետի վարկանիշի վրա: Իսկ հիմնական դրական ազդեցությունը գալիս է ուժային սեկտորի գործողություններից: Բայց ԱԱԾ-ն, ՊՆ-ն, ոստիկանությունն իր թիմը չեն. պետական ստրուկտուրա է, որը շարունակում է աշխատել»:

Իսկ թե ընտրությունների երկարաձգումն ի՞նչ ազդեցություն կունենա, սոցիոլոգը նախ ընդգծեց, որ ընտրական բարեփոխումների գործընթացը բավականին շատ «ջուր» է տանելու. «Խնդիրն այն է, թե որքան է ռեալ նորեկների այն գնահատականը, թե 3 ամսում հնարավոր է ավարտել այդ գործընթացը: Եթե անգամ հայտարարում ենք 6 ամսվա մասին, ոչինչ չի փոխվում: Սա գործընթաց է: Եթե այդ ընթացքում կառավարությունն այս կուրսը շարունակի, ու չտեսնենք, որ, օրինակ, ինչ-որ ժամանակահատվածում կառավարության որոշ անդամներ Հյուսիսային պողոտայում տուն են գնում, կամ սկսում են շատ ավելի ծանր հայտարարություններ անել, վարկանիշը չի փոխվի: Ընդհանրապես աշնանը սպասվելիք իրադարձություններն ու բոլոր գործընթացները աշխատելու են հօգուտ Նիկոլ Փաշինյանի»:Կարեն Սարգսյանից հետաքրքրվեցինք նաև հասարակական տրամադրություններից: Մոտ երեք ամիս առաջ, երբ դեռ «Իմ քայլը» արշավը նոր էր մեկնարկել, մեզ հետ զրույցում սոցիոլոգը նշել էր, որ մոտ 2,5 միլիոնից ավելի բնակչություն ունենք, որոնցից 1,8 միլիոնն ընդհանրապես քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Նա նաև ընդգծել էր, որ հասարակությունը միայն քաղաքական ակտիվը չէ, ով Facebook-ում գրառումներ է անում: Հարցին, թե փոխվե՞լ է արդյոք այդ պատկերը, սոցիոլոգը պատասխանեց. «Գրեթե ոչինչ չի փոխվել: Ուղղակի հասարակության այն զանգվածը, որին չի հետաքրքրում քաղաքականությունը, գտավ լիդեր, որն ավելի մոտ է, ավելի շոշափելի և իր համար ավելի հասկանալի լեզվով է խոսում: Այդ զանգվածը Նիկոլ Փաշինյանին ճանաչում է որպես լիդեր և նրան որպես առաջնորդ է ընդունել: Բայց խոսել նրանից, թե այդ զանգվածը հասկանում է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, տեղին չէ: Այո, կան երևացող գործողություններ` կոռուպցիայի դեմ պայքար, հարկեր են վերադարձվում, բայց բուն պրոցեսն իրենց համար անհասկանալի է մնում: Մի կողմից` դա լավ է: Հասկանալ, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, պետք էլ չէ: Նույնիսկ ԱԺ-ում չեն հասկացել, թե ինչ է անում: Հասարակության նշված զանգվածը ներառում է մարդկանց, ովքեր հիմա պետք է ընդունեն այդ առաջնորդությունը, գումարով չքվեարկեն` հավատալով, որ մի բան կփոխվի: Նիկոլն անձամբ մտավ «ֆեյսբուքյան» տիրույթ, սկսեց աշխատել այն զանգվածի հետ, որը ֆեյսբուքում էր, որովհետև այդ զանգվածը, ի տարբերություն իմ նշած այդ 30 տոկոսի, ոչ մի բանի կուրորեն չի հավատում: Իսկ 30 տոկոսին բավական է գործունեության մի փոքր նշույլ և իրենք պատրաստ են հավատալ, ընդունել ու գնալ այդ մարդկանց հետևից: Իսկ այն մարդիկ, ովքեր կարդում են ոչ միայն հայերեն, այլև անգլերեն, ռուսերեն, և խոսքը միայն «Վեստի» նայելու մասին չէ, իրենց համար ակնհայտ է, որ 2-3 ամսում հաջողության չենք հասնելու: Նրանք հասկանում են նաև, որ չինովնիկը, ով մնացել է նույն տեղում, այնպես չէ, որ 3 ամիս առաջ կաշառք էր վերցնում, հիմա չի վերցնի: Հիմա ուղղակի գիտի, որ «ոտքերը կպոկեն», կդատեն, բայց եթե իրեն մի ամիս հանգիստ թողնես, նույն կերպ կաշառք կուզի: Ոչինչ չի փոխվել` նույն մարդիկ են, պետք է մենթալիտետ փոխել»:

Դիտարկմանը, միգուցե նրանց փոխարինել նոր մարդկանցով, սոցիոլոգը արձագանքեց. «Ումո՞վ: Ո՞ր մեկին բերես, 150-180 հազար դրամ աշխատավարձով նստեցնես ու ասես` գործ արա: Այդքան մարդ որտեղի՞ց գտնեն: Հեշտ չի, դրա համար լավ է, որ այդ 1 միլիոնը, ով հավատացել է Նիկոլին, հիմա սուս ու փուս հավատում է, գլուխը կախ փորձում է գործ անել կամ գոնե չխանգարել»:

Հարցին` այսինքն, վերոնշյալ չինովնիկներին պետք է սիստեմատիկ հսկե՞լ, մեկ ամիս անգամ վերահսկողությունից դուրս չթողնե՞լ, նա պատասխանեց. «Բարդ հարց է, բարդ մատերիալների մասին ենք խոսում. ո՞նց անել, որ մարդը հասկանա, որ եթե բյուջեից գումար է գողանում, նշանակում է` գողանում է սահմանին կանգնած զինվորից: Ինչպե՞ս բացատրես իր ընտանիքի անդամին, որ եթե, օրինակ, ամուսինդ չինովնիկ է ու միշտ փող է բերում, ավելի լավ է թքես երեսին, քան այդ փողը վերցնես: Լուծումը բարոյական մակարդակում է: Եվ այդ լուծումը կոպիտ պետք է լինի: Այնպես, որ ամեն անգամ հավել յալ շոկոլադ ու միս ուտելուց վատ զգան: Այլ տարբերակ չկա` սովետից եկած մեթոդ է, եթե պետական է, ոչ մեկինն է, կարող եմ գողանալ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին