Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հրահրած հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին. Ն. Փաշինյանի ելույթը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին

12 Հուլիս, 2018 19:39
Ադրբեջանի հրահրած հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին. Ն. Փաշինյանի ելույթը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: Ներկայացնում ենք վարչապետի ելույթն ամբողջությամբ:

«Հարգարժան վարչապետ Միշել,
Հարգարժան նախագահ Գանի,
Հարգարժան գլխավոր քարտուղար,
Հարգելի գործընկերներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար: Աֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է: Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաև ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը: Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով:

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսևորումն էր, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը:

Տիկնայք և պարոնայք,

Այսօրվա հավաքը վերստին կարևորում է միջազգային անվտանգության խնդիրները և այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունը: Մեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղություն, անվտանգություն և կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին:

Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության` պետականաշինության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը: Դա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդի, բանակի և անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության և զոհողության: Այնուամենայնիվ, դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացն անշրջելի դառնա:

Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին:

Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում և բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում: Հետևաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարևոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ:
2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, նախ` Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժեր գործողության (ISAF), այնուհետև` «Վճռական Աջակցություն առաքելության» շրջանակներում: Մենք գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի և Գերմանիայի միջև, ինչը, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների միջև գործընկերության լավագույն և ամենավառ օրինակներից է:

Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներգրավվածությունն առաքելությանը մինչև 130 հոգանոց զորախմբով: Մենք նաև հայտնել ենք մեր պատրաստակամությունը, մասնակցելու ՆԱՏՕ-ի կայուն գործընկերության առաքելությանը, երբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը:

Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ և Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք կշարունակենք աջակցել բարեկամական Աֆղանստանում համակողմանի խաղաղություն, բարգավաճում և կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին:

Քանի որ խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ստիպված եմ անդրադառնալ նաև այդ հիմնախնդրի կարգավորմանը, չնայած համարում եմ, որ այս հարցն անհամատեղելի է սույն քննարկումների ձևաչափի հետ, քանի որ այս հավաքը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: ՆԱՏՕ-ն մշտապես և հետևողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որևէ դերակատարություն չունի:

Այնուամենայնիվ, քանի որ հարցն արդեն բարձրացվել է, ես կցանկանայի հակիրճ մեկնաբանել և շտկումներ մտցնել արված հայտարարության համատեքստում: Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ:

Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:

Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»,- նշել է Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին