Կարևոր իրադարձություններ

Տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված եւ կեղծված է. Ալեքսանդր Սարգսյանի որդու պատշպան

12 Հուլիս, 2018 10:53
Հեղինակ՝ Երեմ Սարգսյան
Տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված եւ կեղծված է. Ալեքսանդր Սարգսյանի որդու պատշպան

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ քրեական գործերի քննության ընթացքում խստագույնս պետք է պահպանվի օրինականությունը` անկախ նրանից, թե ում վերաբերյալ է քննվում քրեական գործը: Դա է իրավական պետություն կառուցելու ուղին:

Նշված խոսքերը և պահանջը իրավապահ կառույցները` քննչական մարմինները, դատախազությունը և դատարանը չգիտես, թե ինչու այլ կերպ են հասկանում, որ ամեն գնով պետք է հասնել նրան, որ ՙթիրախ՚ հանդիսացող անձը մեղադրվի հնարավորինս ծանր մեղադրանքներով և կալանավորվի: 
Սերժ Սարգսյանի եղբոր որդուն` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար այն հիմքով, որ տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում 2007 թվականին հենց նա է մեկ անգամ կրակել իր ՙփորին՚: 
Տուժողի այս ցուցմունքը նախաքննական մարմինը, դատախազությունը և դատարանը անվերապահորեն արժանահավատ են գնահատել և դրա հիման վրա ոչ միայն մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին, այլ նաև` նա այսօր կալանավորվեց: 
Որպեսզի ակնհայտ լինի, որ տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված և կեղծված է, բավարար է միայն նշել, որ տուժողը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ հայտնել է, որ Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է մոտ 1.5 մետր հեռավորությունից և կրակել է իր ՙփորին՚:
Այնինչ փորձագետի եզրակացության համաձայն վնասվածք ստանալու պահին տուժողը ոչ թե առջևով, այլ մեջքով` կրծքավանդակի հետին աջ հատվածով է ուղղված եղել դեպի կրակող զնեքը, ինչպես նաև կրակոցը եղել է ոչ թե 1.5 մետրից, այլև` մոտ 10-30 սմ հեռավորությունից: 
Ավելին, առերեսման ժամանակ տուժողի դեմքին և մարմնի այլ մասերին բազմաթիվ արյունահոսող և այլ վերքեր են եղել, ինչպես նաև մեջքի շրջանում ակնհայտ ցավեր է ունեցել, որի պատճառով չի կարողացել ազատ շարժվել: 
Հայկ Սարգսյանի հարցին, թե ինչի՞ հետևանքով են այդ վնասվածքները պատճառվել, տուժողը պատասխանել է, որ ՙպոչկան՚ ցավում է, իսկ արյունահոսող և այլ վերքերը ՙմոծակի կծածի՚ հետքեր են: 
Քանի որ վնասվածքների այլ ծագում ունենալու հանգամանքը աչք է ծագել, ուստի Հայկ Սարգսյանը քննիչին միջնորդել է, որպեսզի տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի, պարզելու համար, թե այդ վնասվածքներն ինչի հետևանքով են առաջացել և պատճառման ինչ մեխանիզմ ունեն: 
Քննիչը, բնականաբար, մերժել է այդ միջնորդությունը, քանի որ բերդում ՙմոծակներն էին կծել՚ տուժողին: 
Ավելին, տուժող Դավիթ Սիմոնյանն ապօրինի կերպով թմրամիջոց պահելու մեղադրանքով գտնվել է կալանքի տակ, սակայն Հայկ Սարգսյանի վերաբերյալ նման ցուցմունքներ տալուց հետո` առերեսումից 3 օր առաջ հանկարծ կալանքից .օրինական կարգով՚ ազատ է արձակվել, որպեսզի նրա ցուցմունքի հիման վրա նույն ՙօրինական կարգով՚ Հայկ Սարգսյանը կալանավորվի: 
Իսկ որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իբր Հայկ Սարգսյանն է կրակել տուժողի ուղղությամբ, իսկ կրակելու նպատակն էլ տուժողին սպանելն է եղել, տուժողը նախապես ցուցմունք է տվել, որ կրակելուց առաջ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է իրեն, կրակոցից հետո ևս ասել է, որ սպանելու է, այնինչ Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ տուժողը հստակ պատասխանել է, որ չի հիշում, թե կրակոցից առաջ և դրանից հետո Հայկ Սարգսյանն իրեն որևէ խոսք ասել է, թե ոչ: 
Հատուկ ուշադրություն- առերեսումից անմիջապես հետո քննիչը լրացուցիչ հարցաքննել է, տուժողին, թե ինչու առերեսման ժամանակ չի ասել, որ կրակոցից առաջ և հետո Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու, տուժողը պատասխանել է, որ ընդամենը 10 րոպե առաջ կատարված առերեսման ժամանակ չի հիշել այդ հանգամանքը, սակայն կրկին հիշել է և նորից պնդել դա արդեն քննիչի մոտ առանձին ցուցմունք տալիս: 
Հասկանալի է, որ հիմա էլ, երբ դատարանում բարձաձայնեցինք այն էական հակասությունները, որ տուժողն ասել է, թե իբր Հայկ Սարգսյանն իր փորին է կրակել , սակայն փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ մեջքի կողմից է կրակոցը եղել, որ հեռավորությունը ոչ թե 1.5 մետր է` եղել, այլ` 10-30 սմ, դրանից հետո էլ տուժողը բնականաբար քննիչի մոտ կրկին լրացուցիչ ցուցմունք կտա, որ իրականում հետևից է կրակոցը եղել, որ ինքը ուղղակի սկզբից չի հիշել: 
Մնում է պարզել, , եթե իրականում Հայկ Սարգսյանն է կրակել տուժողի ուղղությամբ և նրան սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել, ապա ինչու 10-30սմ հեռավորությունից կրակելիս նրա մարմնի այնպիսի հատվածի չի կրակել, որպեսզի իրագործի իր մտադրությունը, ինչու դրանից հետո կրկին չի կրակել, թե ինչու է կրակոցից անմիջապես հետո տուժողին հիվանդանոց տարել, ինչպես հենց տուժողն է նշել իր ցուցմունքում:
Այս առումով հատուկ կարևորություն է ձեռք բերում հենց տուժողի հոր ցուցմունքը, ով հայտնել է, որ երբ հիվանդանոցում դեպքից հետո տեսակցել է որդուն, վերջինս իրեն պատասխանել է, որ Հայկ Սարգսյանը պատահաբար է կրակել իր վրա: 
Ինչու՞ է քննչական մարմինը և դատախազությունը անտեսել է այս փաստերը, որովհետև դեպքից անցել է արդեն 10 տարի, այսինքն, սպանության փորձի մեղադրանքից ավելի թեթև ցանկացած այլ հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ուստի ամեն գնով պետք է սպանության փորձի մեղադրանք առաջադրվի, հետևանար առերեսումից հետո տուժողը կրկին պետք է պնդեր, որ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է:
Սա իրավապահ մարմինների հասկացած ՙօրինականության՚ դրսևորումների միայն մի փոքր հատվածն է: 
Հետագայում կներկայացնեմ նաև մեղադրյալի իրավունքների այն կոպիտ և էական խախտումները, որոնք իրավապան մարմինները, այդ թվում` դատարանը թույլ են տվել Հայկ Սարգսյանի նկատմամբ: Հատկապես ուշադրության արժանի է արդարադատություն իրականացնող մարմնի` դատարանի համար բացառիկ անթույլատրելի այն խախտումներին, որոնք կատարելու գնով և ամեն գնով Հայկ Սարգսյանը կալանավորվել է»:

 

Լրահոս

Դիտել ավելին