Կարևոր իրադարձություններ

Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ինչ են քննարկել

12 Հուլիս, 2018 09:30
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ինչ են քննարկել

Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի միջեւ:

ԱԳՆ-իցվ հայտնում են, որ սա երկու երկրների արտգործնախարարների միջեւ առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո:

Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:  

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հանդիպումը կազմակերպելու համար եւ ընդգծեց նրանց հովանու ներքո խաղաղության գործընթացի կարեւորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ եւ միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, եւ այս համատեքստում կարեւորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։ 

Նա շեշտեց, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տեւական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:       

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի  կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ներկայացրեցին իրենց առաջիկա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց հետագա քայլերին։

 

Լրահոս

Դիտել ավելին