Կարևոր իրադարձություններ

Երկաթուղային ուղևորաբեռնափոխադրումների աճ է գրանցվել

11 Հուլիս, 2018 23:20
Երկաթուղային ուղևորաբեռնափոխադրումների աճ է գրանցվել

Երկաթուղային ուղևորաբեռնափոխադրումների ծավալներն աճել են 2018 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները:

Տնօրենի փոխանցմամբ՝ հաշվետու շրջանում պահպանվել է փոխադրումների աճի դրական դինամիկան:

Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 12,6%-ով, իսկ անցյալ տարվա շեմը՝ 6,3%-ով: Բեռնումն ավելացել է 6,1% և 2,3%-ով համապատասխանաբար:

Երկաթուղային ճանապարհով արտահանումը ծրագրված ցուցանիշը գերազանցել է 29,3%-ով, իսկ 2017 թվականի հունվար-հունիսի մակարդակը՝ 27,9%-ով: Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ցուցադրել են 12,4% և 7,5%-նոց աճ: Իսկ երկաթուղային ներմուծման ծրագրված ցուցանիշը գերակատարվել է 3,5%-ով, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է 5%-նոց անկում:

2017 թվականի հետ համեմատ աճ է գրանցվել գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվար-հունիսին երկաթուղին սպասարկել է 6 427 գնացք, որից 6 408-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարելագործումը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը՝ նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է՝ կազմելով 77 միավոր:

Առաջին կիսամյակում շարունակվել է գծի կապիտալ վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Օրինակ, կապիտալ վերանորոգվել է 7 կմ գիծ, տեղադրվել 3 930 փայտե և 7 840 երկաթբետոնե կոճ, շարունակվում է էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում փոխադրվել է 159 հազար ուղևոր, ինչը 7,4%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Միջազգային ուղևորափոխադրումների ծավալների աճը կազմել է 7%, իսկ ներհանրապետականինը՝ 7,4%:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց ուղևորաբեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը, աշխատանքի արտադրողականության աճը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:

 

Լրահոս

Դիտել ավելին