Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն համաձայնել է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Մակեդոնիայի հետ

11 Հուլիս, 2018 22:33
ՆԱՏՕ-ն համաձայնել է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Մակեդոնիայի հետ

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում հուլիսի 11-ին մեկնարկած գագաթնաժողովում համաձայնել են դաշինքին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել Մակեդոնիայի հետ:  INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք համաձայնել ենք հրավիրել Սկոպյեին անդամակցության հարցի շուրջ բանակցություններ սկսելու», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:


Վերջինս ընդգծել է, որ Սկոպյեն կմիանա դաշինքին, երբ Մակեդոնիան Հունաստանի հետ վերջնականապես կարգավորի երկրի անվանման հարցը:

Հիշեցնենք, որ Մակեդոնիայի խորհրդարանը հունիսի 19-ին հավանության է արժանացրել երկրի անվանափոխության մասին Աթենքի և Սկոպյեի միջև կնքված համաձայնագիրը: Երկրի նոր անվանումը պետք է լինի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, սակայն նախագահ Գեորգե Իվանովն այդ համաձայնագիրը հակասահմանադրական է համարել և հրաժարվել է ստորագրել այն:

Հուլիսի 5-ին մակեդոնացի պատգամավորները կրկին հաստատել են երկրի անվանափոխության մասին որոշումը՝ նախագահին զրկելով համաձայնագիրն արգելափակելու հնարավորությունից:

Աշնանը Մակեդոնիայում հանրաքվե է անցկացվելու, որում բնակիչները կկարողանան կողմ կամ դեմ քվեարկել երկրի անվանափոխությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին