Կարևոր իրադարձություններ

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

11 Հուլիս, 2018 19:50
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Պետական նախարարը կարևորել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ նշելով, որ ՏԻՄ բարեփոխումները Արցախում ևս օրակարգային հարցերից է համարվում:

Գ.Մարտիրոսյանի խոսքով՝ տեղական ինքնակառավարման ակնկալվող փոփոխությունների նպատակն է, որ համայնքները ունենան ավելի մեծ ռեսուրսներ և լիազորություններ:

«ՏԻՄ համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ գործընթաց է, որը կարող է էապես բարելավել հանրային կառավարման համակարգի գործառումը: Այս հարցում մեզ համար շատ օգտակար կլինի ծանոթանալ ՀՀ-ում առկա դրական փորձին, որպեսզի կարողանանք խուսափել հնարավոր սխալներից»,- ասել է պետնախարարը:


Շնորհակալություն հայտնելով Գ. Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցելու Արցախում նախատեսվող գործընթացի կազմակերպմանը, և այդ ուղղությամբ արցախցի գործընկերների հետ կձևավորվի սերտ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածքային կառավարման ոլորտում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին