Կարևոր իրադարձություններ

Էկոզբոսաշրջությունը խթանելու նպատակով նոր կայք է գործարկվելու

11 Հուլիս, 2018 19:12
Էկոզբոսաշրջությունը խթանելու նպատակով նոր կայք է գործարկվելու

ՀՀ բնապահպանության նախարարությունը նոր ծրագրեր է մշակում էկոզբոսաշրջության զարգացման համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ հանդիպել է զբոսաշրջությամբ զբաղվող երեք տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և լսել նրանց կարծիքները բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոզբոսաշրջության զարգացման հեռանկարի վերաբերյալ։

«Հայաստանում էկոզբոսաշրջությունը զարգացնելու համար տարբեր գաղափարներ ունենք, որոնք քննարկումների փուլում են: Այս պահին միայն հստակ որոշված է, որ պետք է էկոզբոսաշրջության վերաբերյալ կայք ստեղծվի»,- ասաց Գնել Սանոսյանը:

Սանոսյանը կարևորում է այն հանգամանքը, որ կայքը կհեշտացնի տեղեկատվության փոխանցման աշխատանքը: Հայաստանում և արտերկրում ապրող ցանկացած մարդ կարող է մուտք գործել այդ կայք և տեսնել, թե Հայաստանի որ հատուկ պահպանման տարածքում ինչ երթուղի է առաջարկվում: Հասանելի է լինելու նաև տեղեկություն այն մասին, թե ինչ պայմաններ, ինչ ծառայություններ կան, և գնային ինչ քաղաքականություն է գործում: Մի քանի օրից կայքի ստեղծման համար մրցույթ կհայտարարվի և կհստակեցվի նաև կայքի անվանումը:

Բնապահպանության նախարարի տեղակալը նշում է, որ քննարկվել են տարբեր ծրագրեր: Առաջարկ կա, օրինակ, հենց օդանավակայանում այցելուներին ներկայացնել, թե ինչ հատուկ պահպանվող տարածքներ և էկոտուրիզմի ինչ հնարավորություններ կան Հայաստանում:

Բացի այդ, Հայաստանի բնության պետական թանգարանում կա Էկոտուրիզմի կենտրոն, որը դեռ ամբողջովին չի գործում: Նախատեսվում է, որ այդ կենտրոնում աշխատելու են մասնագետներ, ովքեր խորհրդատվություն կտան այցելուներին էկոտուրիզմի վերաբերյալ: Կա նաև հատուկ համակարգիչ, որտեղ քաղաքացիները կարող են տեղեկություններ գտնել բնության հատուկ պահպանվող տարածքների մասին:

ՀՀ բնապահպանության նախարարությունում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու ուսումնասիրել էկոտուրիզմին առնչվող ծրագրերը և դրանց իրականացման համարժեք տարբերակները:

 

Լրահոս

Դիտել ավելին