Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճը գերազանցել է 12.6%-ով

11 Հուլիս, 2018 16:04
ՀՀ-ում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճը գերազանցել է 12.6%-ով

2018 թվականի առաջին կիսամյակում փոխադրումների աճի դրական դինամիկան պահպանվել է՝ ինչպես նախատեսված, այնպես էլ անցյալ տարվա ցուցանիշների համեմատ: Այդ մասին այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։

Ըստ ընկերության հաղորդագրության, վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 12.6 տոկոսով, իսկ անցյալ տարվա շեմը՝ 6.3 տոկոսով: Բեռնումն ավելացել է 6.1 տոկոս եւ 2.3 տոկոսով համապատասխանաբար:

Երկաթուղային ճանապարհով արտահանումը ծրագրված ցուցանիշը գերազանցել է 29.3 տոկոսով, իսկ 2017 թվականի հունվար-հունիսի մակարդակը՝ 27.9 տոկոսով:

Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ցուցադրել են 12.4 տոկոս եւ 7.5 տոկոսանոց աճ: Իսկ երկաթուղային ներմուծման ծրագրված ցուցանիշը գերակատարվել է 3.5 տոկոսով, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 5 տոկոսանոց անկում:

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատել է, որ 2018 թվականի հունվար-հունիսին երկաթուղին սպասարկել է 6 հազար 427 գնացք, որից 6 հազար 408-ը՝ ըստ չվացուցակի:

Ընկերության ղեկավարը հատուկ կարեւորել է անվտանգության հարցը՝ նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է՝ կազմելով 77 միավոր:

Ուղեւորափոխադրումների հարցի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնել է, որ 2018 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում փոխադրվել է 159 հազար ուղեւոր, ինչը 7.4 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Միջազգային ուղեւորափոխադրումների ծավալների աճը կազմել է 7 տոկոս, իսկ ներհանրապետականինը՝ 7.4 տոկոս։

Ընկերության առաջնային խնդիրների շարքում ընկերության գլխավոր տնօրենը նշել է բեռնա- եւ ուղեւորափոխադրումների նոր ծավալների ներգրավումը, բյուջեի եկամտային եւ ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը, աշխատանքի արտադրողականության աճը:

 

Լրահոս

Դիտել ավելին