Կարևոր իրադարձություններ

Հայտնի են «Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթի հաղթողները

10 Հուլիս, 2018 23:41
Հայտնի են «Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթի հաղթողները

Օրերս Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ)ՍՄԱՐԹ կենտրոնում կայացավ «ԱրՄաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների կողմից ստեղծված «Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթ:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշում են, որ «ԱրՄաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքը միավորել էր Հայաստանի և Սփյուռքի 10-14 տարեկան շուրջ 220 դպրոցականների: Տասնօրյա տեխնոլոգիական ճամբարի 13 ջոկատների բաժանված մասնակիցների առջև խնդիր է դրվել՝ պատրաստել լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտներ, նրանք խնդիրը լուծել են «ՍԵՌՈԲ 3» ռոբոտի հավաքածուի և Arduino/Raspberry պլատֆորմների միջոցով՝ օգտագործելով c++, python, snap ծրագրավորման լեզուներ, որոնք յուրացրել են ճամբարի ընթացքում:

 

«Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթի հաղթող է ճանաչվել թիվ 11-րդ ջոկատը, որտեղ ընդգրկված էին Երևանի և Տավուշի մարզի արմաթցիներ ու այլ դպրոցականներ:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար՝ 2-րդ (Երևանի դպրոցականներ և Լոռու մարզի ու Արցախի Նորշեն համայնքի արմաթցիներ) և 3-րդ ջոկատները (Երևանի և Մատաղիսի արմաթացիներ):

Երեխաների հետ աշխատել են «ԱրՄաթ» ինժներական լաբորատորիաների ցանցի մենթորները, իսկ երեխաների աշխատանքները գնահատել են մրցույթի ժյուրիի անդամները, որի կազմում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, «Սայմոտեկ» ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի Next-Gen լաբորատորիայի և ՏՏ ծրագրերի համակարգող Հայկ Ոսկանյանը:

 

Մրցույթի ավարտին հաղթողները ստացել են պատվոգրեր և խրախուսական մրցանակներ՝ ինչպես ռոբոտների մրցույթի, այնպես էլ՝ տեխնոճամբարի շրջանակում տեղի ունեցած ֆուտբոլի, լողի և «Ամենա-արմաթցի» մրցույթների հաղթանակների համար:

«ԱրՄաթ» տեխնոճամբարն իրականացվում է 2016 թ.-ից: Տեխնոլոգիական ճամբարի նպատակն է 10-14 տարեկան պատանիների համար արդյունավետ հանգստի, հասակակիցների հետ շփման, գաղափարների փոխանակման, թիմային ոգու ձևավորման և նոր գիտելիքների ստացման հարթակ ստեղծել:

«ԱրՄաթ» ամառային ճամբարն իրականացվում է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին