Կարևոր իրադարձություններ

Աշոտ Հակոբյանն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո

10 Հուլիս, 2018 15:45
Աշոտ Հակոբյանն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նախարարը շրջել է դեպոյի տարածքում, ծանոթացել դրա հնարավորություններին։ 

Այս դեպոն երկաթուղու կարևորագույն ձեռնարկություններից է, որի գործառույթը ՀԿԵ-ի կառուցվածքի արդիականացումն է, ճանապարհը սարքին շարժակազմով ապահովելն ու գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: 

Այստեղ իրագործվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը և սպասարկումը: 

Երկաթուղու աշխատակիցները նախարարին են ներկայացրել այն գործիքներն ու ռեսուրսները, որոնցով կարողանում են երկաթգծի ողջ երկարությամբ կատարել որակի ստուգում և վերահսկողություն։ Եթե նախկինում մարդկային գործոնը մեծ էր, ապա այժմ գործընթացն ավտոմատացված է` լավագույն արդյունք ստանալու համար։ 

2010 թվականից դեպոյում գործում է նաև երկաթուղու ուսուցման կենտրոնը: Այստեղ երկաթուղայիններն անցնում են վերապատրաստման դասընթացներ, սովորում ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում: 

Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է ենթակառուցվածքների և շարժակազմի բարելավման և արդիականացման ուղղությամբ կատարված վերջին քայլերը։ 

Աշոտ Հակոբյանը ծանոթացել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող նոր էլեկտրագնացքի պայմաններին, հետաքրքրվել ուղևորահոսքի ծավալով։ Նախարարը կարևորել է երկաթուղու նշանակությունը մեր երկրի տնտեսության հետագա զարգացման մեջ: Նա ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը, որպեսզի աստիճանական բարեփոխումների արդյունքում ապահովվի հայկական երկաթուղու հետագա զարգացումը: Դրա հիմքում պետք է ընկած լինի գործունեության թափանցիկության բարձրացումը, ուղևորների սպասարկման որակի և պայմանների էական բարելավումը:

 

Լրահոս

Դիտել ավելին