Կարևոր իրադարձություններ

Երեւանում քննարկվել են գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրն և դրանց ծավալների ավելացման հնարավորությունները

10 Հուլիս, 2018 14:14
Երեւանում քննարկվել են գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրն և դրանց ծավալների ավելացման հնարավորությունները

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին  հայտնեցին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի բաժնից:

Հանդիպմանը մասնակցել են նաև  Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը:

Քննարկվել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ  երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին և «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, ինչպես նաև գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին և դրանց ծավալների ավելացման հնարավորություններին:

Զրուցակիցները ընդգծել են, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ  առաքելություն ունի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը: 

Երկուստեք կարևորվել  է նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների  գործունության ակտիվացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին