Կարևոր իրադարձություններ

Կարելի է հավերժ քննադատել ցանկացած մեկին, ով եղել է «ղեկավար»

09 Հուլիս, 2018 21:46
Կարելի է հավերժ քննադատել ցանկացած մեկին, ով եղել է «ղեկավար»

Այսօր Տարոն Մարգարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ինչ խոսք, շատերին այս նորությունը ուրախացրեց ու ամրապնդեց դեռ գարնանից չկոտրվող կույր էյֆորիայի զգացողությունը։ Կարծես թե Տարոնը վերջին Մոհիկանն էր այն համակարգի, որին խոսք էին տվել, թե լինելու է անցնցում ու առանց քաղաքական վենդետաների անցում։

Լավ, բայց արդյոք այն ինչ կատարվում է հիմա, նորմալ քաղաքական պրակտիկա է, թե ուղղակի տարրական վրեժխնդրություն նախորդ բոլոր ընտրությունների ու քաղաքական էլիտայից այսքան ժամանակ հեռու լինելու համար։

Այս ամենում կա մեկ այլ դժվարին հարց՝ ինչ է լինելու հետո։ Ով է լինելու քաղաքապետ և ի վերջո ինչ թիմ ու ինչ ծրագրով է աշխատելու:

Պարզ է մեկ բան, երբ նման քաղաքական փոփոխություն է տեղի ունենում, ամեն ինչ շրջվում է գլխիվայր, չէ որ քաղաքային կառավարումը դա մի մեխանիզմ է, որի անգամ մեկ օր դադարեցնելը կարող է մեծ դիսկոմֆորտ առաջացնի բնակիչների մոտ։ Կարելի է հավերժ քննադատել ցանկացած մեկին, ով եղել է «ղեկավար», բայց շատ ավելի ազնիվ է ու արժանավայել, երբ օբյեկտիվորեն գնահատում ես իրավիճակը։ Անկախ ամեն ինչից, Մարգարյանը այն քաղաքապետն էր, ում սիրում էին մարդիկ, ով չեր վախենում դուրս գալ բակ ու շփվել բոլոր ցանկացողների հետ ու ում պաշտոնավարման ժամանակ մեծ հիմնախնդիրներ կարգավորվեցին, քաղաքում զգալի տեղաշարժ եղավ դեպի լավը։

Ինչևէ, մնում է հասկանալ, ով է լինելու այն հետնորդը, ով ոչ թե կզրոյացնի մեծ թիմի հսկայածավալ աշխատանքը, այլ կգնահատի այն ջանքերը որոնք ներդրվել են և կբազմապատկի արդեն արված գործը։ Եվ, իհարկե հուսանք, որ չի լինի կադրային ջարդ, քանի որ ի վերջո կառույցում աշխատում են մարդիկ, ովքեր ունեն այդ աշխատանքի կարիքը։

 

Լրահոս

Դիտել ավելին