Կարևոր իրադարձություններ

Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

09 Հուլիս, 2018 19:38
Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող Սուրբ Գայանե վանքի վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է, վճիռը շուտով կհրապարակվի:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Հարցը (հեղ. կարգալույծ անելու) քննվում է կարգապահական հանձնախմբի կողմից, վճիռը հավանաբար շուտով կկայացվի»,-ասաց Տեր Ասողիկը: Նա նշեց, որ եթե Կորյուն աբեղան մնա անդրդվելի իր ոչ կարգապահական վարքի մեջ, ապա եկեղեցական բարձրագույն իշխանությունը, ընդունված կարգի համաձայն, կարգապահական հանձնաժողովում հարցը քննարկելուց ու վճռելուց հետո, այն կներկայացնի Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությանը: «Վեհափառ Հայրապետն է, որ իրավասություն ունի կարգապահական հանձնախմբի որշումը հաստատելու և իրագործելու»,-ասաց Մայր Աթոռի ներկայացուցիչը:

Տեր Ասողիկի համար Կորյուն աբեղան չի կարող համարվել Հայ Առաքելական եկեղեցու միաբան ու առհասարակ հոգևորական: «Ուխտապահ, հավատքով հոգևորականը նման հանդգնություն, սրբապղծություն թույլ չէր տա իրեն: Եթե մենք հավատում ենք Աստծուն, կրում ենք մեր Սուրբ եկեղեցու սքեմը ու մեր ճակատին ունենք՝ ձեռնադրությամբ ու օծմամբ սրբալույս մյուռոնով խաչը, մենք երբեք այդպիսի արարք մեզ թույլ չէինք տա: Ես խիստ կասկածում եմ, որ նա ճշմարիտ քրիստոնյա է»,-ասաց Տեր Ասողիկը՝ Հայր Կորյունի հասցեին:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությանն է միացել Սուրբ Գայանե վանքի վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը, ում խոսքով, Գարեգին երկրորդի հրաժարականին կողմնակից են նաև եպիսկոպոսաց դասի մյուս անդամները, ովքեր, սակայն, լուռ են:

Հուլիսի 6-ի առավոտյան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանց շարքերում է նաև Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը:

Նախաձեռնության անդամները վրաններ են տեղադրել Մայր տաճարի շրջակայքում, իսկ կիրակի օրը համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ Դիվանատան նախասրահը վերածել են ճաշարանի:

 

Լրահոս

Դիտել ավելին