Կարևոր իրադարձություններ

«Էրդողանը երկիրը կկառավարի որպես ընտանեկան բիզնես»․ գերմանական ԶԼՄ-ներ

09 Հուլիս, 2018 17:14
«Էրդողանը երկիրը կկառավարի որպես ընտանեկան բիզնես»․ գերմանական ԶԼՄ-ներ

Գերմանական մամուլը լայնորեն անդրադարձել է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես «Frankfurter Allgemeine Zeitung»-ը նկատել է տալիս, որ Թուրքիայում ընդունված վերջին KHK-ի (օրենքի ուժ ունեցող որոշում) հետևանքով տասնյակ հազարավոր պետական աշխատողներ գործազուրկ են դարձել, ինչն էլ ավելի է թուլացրել առանց այդ էլ տնտեսական ճգնաժամի նախաշեմին գտնվող երկիրը։

Թերթը նշում է, որ 7 անգամ երկարաձգված արտակարգ դրության ռեժիմի վերջին օրն Էրդողանն իր ստորագրած KHK-ով աշխատանքից հեռացրել է հազարավոր պետական աշխատողների, որոնց մեծ մասը ոստիկաններ, զինված ուժերի և դատական համակարգի ներկայացուցիչներ են եղել։ Այսպիսով, 2016թ․ հեղաշրջման փորձից մինչև այսօր աշխատանքից հեռացվածների թիվն գերազանցեց 130․000-ից։

«Մի՞թե հնարավոր է, որ պետությանը ծառայած այդքան շատ մարդիկ անվտանգության տեսակետից սպառնալիք ներկայացնեն։ Թուրքիան պետք է րոպե առաջ վերադառնա բնականոն կյանք։ Թուրքիային մի շարք վտանգներ են սպառնում, որոնցից մեկն էլ տնտեսական ճգնաժամն է։ Հիմա փորձ է արվում արտակարգ դրության ռեժիմը դադարեցնելու միջոցով կանխել այդ ճգնաժամը։ Հակառակ դեպքում մտահոգություն կա, որ աշնանը Թուրքիան ստիպված կլինի ֆինանսական աջակցության համար դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին», - ասված է հոդվածում։

Իսկ  «Neue Ornabrücker Zeitung»-ը գրում է․ «Ավարտվեց Թուրքիայի՝ էրդողանական պետության վերածվելու գործընթացը։ Նոր համակարգը կատարյալ կարված զգեստի նման ճիշտ և ճիշտ նախագահի չափսերով է։ Ցավալի՞ է, որ Թուրքիան լքեց խորհրդարանական ժողովրդավար երկրների շարքերը։ Դրա արդյունքում երկիրն ավելի կայուն, իսկ արտաքին քաղաքականությունն ավելի կանխատեսելի կդառնա՞։ Նման բան բոլորովին պետք չէ սպասել։ Ընդհակառակը, պետք է մտահոգվել, քանի որ Էրդողանը սկսելու է Թուրքիան կառավարել որպես ընտանեկան բիզնես։ Նա կօգտվի իր բոլոր իրավունքներից։ Ներդաշնակությունն ու հավասարակշռվածությունը նրա նպատակների մեջ չեն մտնում»։

«Rheinpflaz» պարբերականն էլ անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։ Թերթը նկատում է, որ Էրդողանը երբեք էլ առանձնապես չի ձգտել դեպի Եվրոպա։ Պարզապես նա քաջ գիտակցում է, որ Թուրքիայի տնտեսությունը Եվրոպայի աջակցության կարիքն ունի։ Այս առումով աղբյուրը հիշեցնում է սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով Եվրամիության (ԵՄ) կողմից Թուրքիային տրամադրված 3 մլրդ եվրոյի մասին։ Բացի այդ, անցյալ տարի Թուրքիայում կատարված անմիջական արտաքին ներդրումների 70 տոկոսը ստացվել է ԵՄ երկրներից, իսկ երկրի արտահանման և ներմուծման հիմնական շուկաները դարձյալ ԵՄ երկրներն են։

 

Լրահոս

Դիտել ավելին