Կարևոր իրադարձություններ

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրն է

10 Հուլիս, 2018 10:15
Այսօր Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հուլիսի 10-ին, Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ, հայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրն է։

Սեֆիլյանը ծնվել է Բեյրութում։ 1986 թվականին ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական ճեմարանը։ 1983-1990 թվականներին մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպան։

1990 թվականին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։ 1991 թվականից եղել է ջոկի, 1992 թվականից՝ մարտկոցի, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի, 1997 թվականից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998 թվականներին ՊԲ 6-րդ ՊՇ-ի հրամանատար։

Երիտասարդ տարիքում հայրենասիրական նկատառումներով անդամակցել է ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը, սակայն հետագայում, չընդունելով կուսակցության քաղաքական դիրքորոշումն ու պասիվ գործունեությունը, դուրս է եկել ՀՅԴ–ից։ 2001 թվականին հիմնադրել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունը, հանդես է եկել այդ տարածքների վերաբնակեցման օգտին և քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը, ինչի համար 2006 թվականին իր մարտական ընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել և դատապարտվել է ազատազրկման։ 2008 թվականին բանտից դուրս գալուց հետո հիմնադրել է «Միացում» ազգային նախաձեռնությունը, 2009 թվականին՝ «Սարդարապատ» շարժումը, այնուհետև՝ «Նախախորհրդարան» հասարակական–քաղաքական կազմակերպությունը։

2015 թվականի հունվարի 31-ին դեպի Արցախ ընթացող ավտոերթի ժամանակ դաժանաբար ծեծի է ենթարկվել մոտ 150 մասնակիցների հետ միասին Արցախի ոստիկանների և քաղաքացիական հագուստով ուժայինների կողմից, որոնք զինված են եղել ավտոմատներով և մահակներով։ Ջարդվել են լրագրողների տեսախցիկները, մարդկանց ավտոմեքենաները։ Պոկվել և գետին են շպրտվել ՀՀ պետական դրոշներ, «100-ամյակը առանց ռեժիմի» պաստառները։

2016 թվականի հուլիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որի համար նախատեսված է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով։ Նույն օրը նա կալանավորվեց։

2018 թվականի մարտի 20-ին դատապարտվելց 10 տարի և 5 ամիս ազատազրկման։  Հունիսի 13-ին դատարանը Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը փոխեց․ նա դատապարտվեց 5 տարի 5 ամիս ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվի: «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամվոր հանդես էին եկել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ։

Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց 6․500․000 դրամ գրավ մուծելուց հետո:

Առաջարկում ենք դիտել Ժիրայր Սեֆիլյանի ելույթն ազատ արձակվելուց հետո։ 

 

Լրահոս

Դիտել ավելին