Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,23
    7,48

Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

15 Հոկտեմբեր, 2015 14:02
Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
 
Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Պատմության ողջ ժամանակահատվածում հայ-իրանական սերտ առնչությունների գրավականներից մեկը եղել է մշակույթը եւ մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորվել են բարիդրացիական հարաբերություններ՝ խարսխված փոխվստահության ամուր հիմքերի վրա: Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»:
 
ԱԺ նախագահը երկկողմ համգործակցության շրջանակում կարեւորել է տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացումը, որը հնարավորություն կընձեռի օգտագործելու տնտեսական համագործակցության ամբողջ ներուժը: Գալուստ Սահակյանն ընդգծել է Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման կարեւորությունը: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից են նաեւ Իրանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ հոգատարությունը եւ պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
 
Գալուստ Սահակյանը քաղաքական երկխոսության համատեքստում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ պատգամավորական բարեկամության խմբերը երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության շարժիչ ուժն են. խորհրդարանական մակարդակով երկխոսությունը նպաստում է փոխճանաչելիության բարձրացմանը:
 
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը. հակամարտությունների եւ ճգնաժամերի ընթացքում Հայաստանի եւ Իրանի իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված եւ շրջահայաց մոտեցումներով:
 
Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Էսհաղ Ջահանգիրիի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար:
 
Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այսօր երկու բարեկամ երկրների պատմամշակութային եւ քաղաքական հարբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Ըստ պարոն Ջահանգիրիի՝ դրա վառ օրինակը բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերն են:
 
Անդրադառնալով Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությանը՝ Էսհաղ Ջահանգիրին նշել է, որ տնտեսական հարաբերությունների զարգացման համար պետք է մշակել որոշակի ծրագրեր եւ օգտագործել առկա ներուժը: Եվ այսօր կայանալիք գործարար համաժողովը կարող է դառնալ առաջին քայլը: Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության շրջանակում ԻԻՀ առաջին փոխնախագահը փաստել է, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստանը միակն է, որ Իրանի հետ ցամաքային ճանապարհ ունի, եւ այդ փաստը կարող է լավ հնարավորություններ ստեղծել բարեկամ երկրների գործարարների համար:
 
Պարոն Ջահանգիրին անդրադարձել է նաեւ Սիրիայում, Եմենում, Իրաքում տեղի ունեցող արյունահեղ իրադարձություններին՝ կարեւորելով տարածաշրջանի երկրների դերը ծայրահեղականների գործողությունների կանխման եւ խաղաղության վերահաստատման գործում: Նա նշել է, որ միջազգային ատյաններում պետք է լսելի դարձնել տառապյալ ժողովուրդների ձայնը:
Էսհաղ Ջահանգիրին անդրադարձել է նաեւ Իրանի նահանգների եւ Հայաստանի մարզերի միջեւ արդյունավետ համագործակցությանը՝ նշելով, որ սա կարող է ավելի խոր շփումների նախադրյալը դառնալ:
 
Ընդգծելով բարեկամ երկրների խորհրդարանների դերակատարումը հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ Էսհաղ Ջահանգիրին իր երախտագիտությունն է հայտնել միջազգային ատյաններում Իրանին աջակցելու համար: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին