Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

07 Հուլիս, 2018 13:27
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հուլիսի 6-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ դժվար է թերագնահատել, ինչը, ըստ փոխվարչապետի, վերաբերում է ոչ միայն ֆինանսական աջակցությանը, այլև ԱԶԲ-ի փորձագիտական ներուժին: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ նոր կառավարության համար կարևորագույն խնդիր է ֆինանսական աջակցությունից զատ փորձագիտական ներուժ ստանալն ու կուտակված փորձի փոխանակումը: Փոխվարչապետի համոզմամբ՝ շատ դեպքերում ֆինանսական ռեսուրսներն արդյունավետ հնարավոր չէ օգտագործել, եթե չկա զուգահեռ փորձագիտական համագործակցություն և տեղեկատվության փոխանակում:

«Մեզ համար առավել արդիական է մեկ սկզբունք, որ ցանկացած նոր ֆինանսական ներգրավում պետք է օգտագործվի մաքսիմալ արդյունավետ և նպատակային: Ակնհայտ է, որ միայն արդյունավետ օգտագործված միջոցներն են նպաստում տնտեսության զարգացմանը և սոցիալական վերելակի աշխատանքին»,-ասել է փոխվարչապետ Գրիգորյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմը փոխվարչապետին ներկայացրել է ԱԶԲ-ում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու բանկի հետագա գործունեության բարելավմանն ուղղված գաղափարները: Սյուրկանի Կասիմը նշել է, որ ԱԶԲ-ն այժմ գտնվում է փոխակերպման գործընթացում և պարզապես վարկատուից վերածվում է գիտելիքահեն վարկատուի: Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում երկրների կայուն զարգացման համար վարկերի հետ մեկտեղ պետք է տրամադրել գիտելիք և ավելացնել ծրագրերի կառավարման ընթացքում գիտելիքի բաղադրիչը: Այս առումով, ըստ Սյուրկանի Կասիմի, ԱԶԲ-ն բարելավում է գիտելիք տրամադրելու իր հարթակները և աշխատանքներ իրականացնում անձնակազմի կատարելագործման ուղղությամբ: Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել Հայաստանում ԱԶԲ գրասենյակի գործունեությունն ու կարևորել կառավարության հետ շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ երկրի զարգացման:

 

Լրահոս

Դիտել ավելին