Կարևոր իրադարձություններ

«Քա­ղա­քա­կան վեր­նա­խավն ու իշ­խա­նու­թյուն­նե­րը ժո­ղովր­դին մեջ­քով շուռ եկան». «Փաստ»

07 Հուլիս, 2018 08:08
«Քա­ղա­քա­կան վեր­նա­խավն ու իշ­խա­նու­թյուն­նե­րը ժո­ղովր­դին մեջ­քով շուռ եկան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունները պետք է հենվեն ոչ թե անհատների, այլ հասարակական ինստիտուտների վրա, այլապես անհատները շատ արագ կարող են ոչ միայն փոխվել, այլև փոխել երկրի ողջ քաղաքականության տրամաբանությունը, համոզված է հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը: 

Նախորդ 10 տարիներին ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու պատճառն այն է եղել, որ իրականում դրանով զբաղվելու առանձնապես թեմա չի եղել, իսկ հիմա պատկերը բոլորովին այլ է:

«Հիմա իրավիճակ է փոխվել, որը ուրախալի է: Բայց, անկեղծ ասած, ես գերադասում եմ իմ տեղում մնալ, քանի որ քաղաքականության մեջ նույնպես սերնդափոխություն է տեղի ունեցել, և նախորդ սերնդի շատ քաղաքական գործիչներ պետք է դուրս գան այդ ասպարեզից: Իհարկե, խոսքը բոլորին չի վերաբերում, բայց, որպես սերունդ, նախորդներն այլևս պիտանի չեն քաղաքականությանը»,- համոզված է Հ. Խաչատրյանը:

Ու թեև ինքն իր երկու մասնագիտություններին՝ բարձր տեխնոլոգիաներին և քաղաքական գիտությանը, լավ է տիրապետում, բայց ավելի շատ սիրում է զբաղվել նրանով, ինչով ուրիշները չեն կարողանում: Ինչ վերաբերում է սեփական տեսակետը հասանելի դարձնելուն, ապա Հ. Խաչատրյանին լիովին բավարարում են սոցիալական ցանցերը: Ներկայում դեպի քաղաքականություն երիտասարդների հախուռն հոսքը նրան հիշեցնում է 90-ականները, երբ իրենց սերունդն էլ առանձնապես ոչինչ չէր հասկանում քաղաքականությունից, բայց դրա մեջ էր: Անցյալի սխալները չկրկնելու համար նա կարևորում է յուրաքանչյուր անհատի դերը, ինչը, ցավոք, վերջին 30 տարիների ընթացքում երբեք չի եղել:

«Քաղաքական վերնախավն ու օրվա իշխանությունները ոչ միայն ժողովրդին մեջքով շուռ եկան, այլև ամեն ինչին սկսեցին նայել անձնական, խմբային շահերի տեսանկյունից և ոտքից գլուխ թաթախվեցին կոռուպցիայի մեջ: Հիմա չնայած շարքային քաղաքացուն ավելի շատ հետաքրքրում են անհատների մակարդակով տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ տարիների ընթացքում իշխանական վերնախավի վրա կուտակած մաղձ ու անեծք կա, սակայն ամենակարևորը հիմա այն է, որ պայքարը գնում է ոչ թե անձերի, այլ երևույթների դեմ»,- ասաց Հ.Խաչատրյանը:

Խոսելով իր՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին՝ նա նշեց, որ երբ որոշում է որևէ գործով զբաղվել, դրան օրական 24 ժամ է նվիրում: Բայց հիմա 8-10 ժամից ավել չի կարողանում աշխատել, ուստի իր առջև մեծ խնդիրներ դնելու դեպքում իրեն բավականին սահմանափակված կզգա: Խոսելով տերպետրոսյանական քաղաքականության մասին՝ նա նշեց, որ առաջին նախագահի ակտիվ քայլերը երկուսն են եղել՝ 88-ի տարիներին և 2007-ին: Առաջինին Խաչատրյանը համաձայն չի եղել, իսկ երկրորդի ժամանակ էլ քաղաքական գիծ թեև չկար, բայց Տեր-Պետրոսյանին հաջողվեց ժողովրդին համախմբել:

«Հետաքրքիրն այն է, որ երբ իրադարձույունների կենտրոնում ժողովուրդն է, ոչ թե առաջնորդը, քաղաքական պրոցեսներում կողմնորոշվելն ավելի հեշտ է: Անհատների մասով կարող ենք համաձայն լինել կամ չլինել, անգամ կասկածներ ունենալ, բայց երբ պրոցեսների կենտրոնում ժողովուրդն է լինում, ամեն ինչ այլ կերպ է ընթանում»,- ասաց Հ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո և Ռ. Քոչարյանի նախագահ ընտրվելուց հետո ձևավորվել էր նախագահին կից քաղաքական խորհուրդ, որի քարտուղար էր ընտրվել ՍԻՄ կուսակցության այն ժամանակվա առաջնորդ Հ. Խաչատրյանը: Այդ խորհրդում ներգրավված կուսակցություններով մշակվել էր նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականը, որը, սակայն, ամբողջությամբ պաշտոնապես չհրապարակվեց՝ քաղխորհրդի ներսում կազմակերպած դավադրության պատճառով:

«Դավադրությունը հենց այդ գնահատականի դեմ էր, և դրա արդյունքում ես դուրս եկա քաղաքական խորհրդից: Իմ դուրս գալուց հետո այն որոշ ժամանակ իներցիայով գոյատևեց, հետո փակվեց: Բայց գնահատականը, որը մշակվել էր իմ ղեկավարությամբ, շատ հիմնավոր էր: Այդ ամենից հետո անձամբ ինձ համար շատ դժվար էր, որ նույն անձը ժողովրդի աջակցությամբ պետք է նորից երկրի ղեկավար դառնա: Բայց երբ ժողովուրդը նրան այն աստիճան պաշտպանեց, որ ինքը՝ ժողովուրդը, դարձավ հիմնական գործոնը, այդ ժամանակ մեր կուսակցությունը մարտի 1-ի իրադարձություններից մեկ օր առաջ հայտարարություն տարածեց, որ քաղաքական առաջնորդի տեսակետների հետ համաձայն չլինելը չի նշանակում, որ մենք պետք է թույլ տանք, որ իշխանություններն արյուն թափեն և կասեցնեն ժողովրդի զարթոնքը: Եվ եթե այդ օրերի իշխանությունները հաշվի առնեին այդպիսի համախմբումը, ապա մարտի 1-ը տեղի չէր ունենա»,- ասաց Հ. Խաչատրյանը: 

Նա կարևորելով ժողովրդին որպես սուբյեկտ դիտարկելու հանգամանքը՝ ընդգծեց, որ իր համար ընդունելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, երբ ամեն առիթով ընդգծում է, որ ժողովուրդն ինքն է իր երկրի տերը: Եվ Աստված մի արասցե, եթե ներկա կառավարությունը չկարողանա կամ չցանկանա կատարել իր խոստումները, ապա հասարակությունն առաջինը պետք է իրեն մեղադրի: 

«Այն ձախողումները, որոնք տեղի ունեցան անցած 30 տարիների ընթացքում, երկու պատճառ ունեին: Առաջինը՝ 90-91 թվականներին, երբ իշխանափոխությունից հետո ժողովուրդը «էշի ականջում քնել էր», իսկ 92- ից հետո արդեն երկրում ոչինչ այլևս փոխել հնարավոր չէր: Ժողովուրդն էլ այնքան կոտրված էր, որ անգամ իր ոտքի վրա չէր կարողանում կանգնել»,- ասաց Հ. Խաչատրյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին