Կարևոր իրադարձություններ

Կալանավորվեց նաև Մասիսի քաղաքապետի եղբայրը

06 Հուլիս, 2018 22:31
Կալանավորվեց նաև Մասիսի քաղաքապետի եղբայրը

Դատարանը բավարարել է Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Դատարանը քիչ առաջ բավարարեց նաեւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կալանվորվել էր նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

Քաղաքապետի կալանավորման մասին Tert.am-ին հայտնել էր նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը.«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին»։

Հարցին,թե Մասիսի քաղաքապետին վերջերս 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղիունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել,մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, գործերը մեկ վարույթու՞մ են Աթանեսյանն ասաց,որ գործերը միացվել են։

«Երկու գործերը միացվել են,սակայն որևէ ապացույց չկա,նախկինում կալանքից ազատվել է, այսօր կալանավորում են ու նոր ապացույց չունեն»,-ասաց Աթանեսյանը։

Նշենք, որ Հովտաշենում տեղի ունեցածի փաստով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,իսկ Էրոբունիի դեպքերով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի հատկանիշներով։

Դավիթ Համբարձումյանի քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել հսկող դատախազը, սակայն քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասով քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 



Դատախազը բողոքարկել էր դատարանի որոշումը և միջնորդել, որ Մասիսի քաղաքապետին կալանավորել, սակայն դատարանը դատախազի միջնորդությունը ևս չէր բավարարել:

 

Լրահոս

Դիտել ավելին