Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի

06 Հուլիս, 2018 21:33
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 6-ին այցելել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:

Այս մասին տեղեկացնում են  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ տեղում ծանոթացել է սահմանային օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության և մարտական հերթապահության կրման պայմաններին, ընթացող ինժեներական աշխատանքներին և թիկունքային ապահովման խնդիրներին:

Ընդգծելով, որ հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում՝ Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ է տվել հրամանատարական կազմին` զգոնությունը չթուլացնելու և հակառակորդի ստորաբաժանումների ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։

Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը գերազանց ծառայության համար խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել: 

Ավելի ուշ Դավիթ Տոնոյանն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն, հանդիպել բուժհաստատության անձնակազմի հետ և քննարկել քաղաքացիական հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի գործառույթների համադրմանն ու ներդաշնակ գործունեությանն առնչվող հարցեր։ Պաշտպանության նախարարը պատասխանել է բուժաշխատողների հարցերին և ներկայացրել ծրագրի հեռանկարները:

Պաշտպանության նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, ծանոթացել շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին և տեխնիկական հագեցվածությանը։ Այցի ավարտին պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին