Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը ողջունել է ՄԹ աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին

06 Հուլիս, 2018 20:00
Զոհրաբ Մնացականյանը ողջունել է ՄԹ աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ:

Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու և ընդլայնելու երկու երկրների միջև երկխոսությունը՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխքարտուղար ՄաքԴոնալդն ասաց, որ այժմ հիանալի ժամանակ է լինել Հայաստանում՝ երկրում տեղի ուենցող զարգացումների մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հայ-բրիտանական օրակարգի ընդլայնման ուղիները քննարկելու համար։

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով նոր կառավարության կողմից  շարունակական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և կարևորելով բարեփոխումների գործընթացին Հայաստանի գործընկերների աջակցությունը:

 

Զոհրաբ Մնացականյանը և Սայմոն ՄաքԴոնալդն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ Միացյալ Թագավորությունը ևս շուտով կվավերացնի համաձայնագիրը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՄԹ արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղարը արծարծեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ, կարծիքներ փոխանակեցին Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների շուրջ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը և նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են առաջնահերթություններ:

Այս համատեքստում արտգործնախարար Մնացականյանը կարևորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև ողջունեց Միացյալ Թագավորության աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

Հայաստան այցի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդը դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջև։

 

Լրահոս

Դիտել ավելին