Կարևոր իրադարձություններ

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել

06 Հուլիս, 2018 18:07
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել

Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  քաղաքապետի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանը: Նա նշեց, որ արտահերթ ավագանու նիստ էր հրավիրվել՝ հրաժարականի դիմում ընդունելու համար, սակայն նիստը չի կայացել:

«17:30-ին հրավիրված էր արտահերթ նիստ, որպեսզի ավագանին քննարկի ու ընդունի այդ հրաժարականը, սակայն որոշ մարդիկ բոյկոտել են, դուռը փակել էին, ու դահլիճ չի հաջողվել մուտք գործել: Նիստը չի կայացել, այս պահին այն վիճակն է, որ ավագանու նիստը չի կայանում»,- ասաց նա:

Խոսնակը նկատեց, որ աշխատակազմ ու ավագանու մի խումբ անդամներ դեմ են քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականին: Հարցին՝ հրաժարականի պատճառը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ միջադեպն էր, Արմինե Ավագյանը պատասխանեց. «Չէի մեկնաբանի նման կերպ, միգուցե, դա  առիթ դարձավ, բայց, իհարկե, պատճառներն ավելի խորքային են»:

Նշենք, որ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը քիչ առաջ նաև իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ կապանցիներ, ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից: Այս որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ, այդուհանդերձ, չմանրամասնելով դրանք, հակիրճ ձևակերպեմ. իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ...
Բարի կառավարում համայնքի հաջորդ ղեկավարին՝ ի շահ իմ սիրելի Կապանի, սրտացավություն, հանդուրժողականություն ու սեր և հարգանք հարազատ համայնքի հանդեպ՝ իմ համաքաղաքացիներին»:

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետարանի բակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կապանի բնակիչների հետ: Քաղաքացիները չեն ցանկացել լսել քաղաքապետի ելույթը, ավելին, երբ հարցերից մեկին փորձել է պատասխանել, սուլոցներով խանգարել են:

 

Լրահոս

Դիտել ավելին