Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի սանձարձակ գործողությունները կանխելու գրավականը բանիմաց ու պատրաստված զինուժն է. նախարար

06 Հուլիս, 2018 13:53
Հակառակորդի սանձարձակ գործողությունները կանխելու գրավականը բանիմաց ու պատրաստված զինուժն է. նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 5-ին այցելել է զինված ուժերի N զորամաս: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար:

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ սահմանադրական կայունության, խաղաղության պահպանման և պետականության ամրապնդման առաջին ու գլխավոր երաշխիքը հայոց բանակն է՝ մարտական պատրաստականության բարձր աստիճան ունեցող սպաներով ու զինվորներով:

Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ժամանակակից մարտ վարելու սկզբունքները, ինչպես նաև այն, որ հակառակորդի սանձարձակ գործողությունները կանխելու միակ գրավականը բանիմաց ու պատրաստված զինուժն է, պաշտպանության նախարարը զորամասի անձնակազմին հորդորել է այսուհետ ևս նույն ոգով ու նորարարական գաղափարներով շարունակել ֆիզիկական ու մարտական պատրաստության ամրապնդմանը, տարաբնույթ վարժանքերի միջոցով մարտավարամասնագիտական հմտությունների կատարերագործմանը միտված միջոցառումները:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ նրանց սոցիալական և ծառայողական խնդիրները գտնվում են ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին