Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել «Աում Սինրիկյո» կրոնական աղանդի հիմնադիրը

06 Հուլիս, 2018 10:08
Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել «Աում Սինրիկյո» կրոնական աղանդի հիմնադիրը

Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել «Աում Սինրիկյո» կրոնական աղանդի հիմնադիր Սյոկո Ասահարան, ինչպես նաեւ կազմակերպության մի քանի ղեկավարներ, որոնք պատասխանատու են Ճապոնիայի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության համար, փոխանցում է BBC-ն:

1995 թվականի մարտին աղանդավորները Տոկիոյի մետրոյում զարին գազ էին տարածել, որի հետեւանքով 13 մարդ զոհվել էր, մոտ 6 հազարը՝ տուժել:

Ասահարայից բացի, մահապատժի են ենթարկվել աղանդում ռազմական նախարարի դեր կատարած Կիյոհիդե Հայակավան, ինչպես նաեւ Տոմոմասա Նակագավան եւ Յոսիհիրո Ինոուեն: Բոլոր մահապատիժներն ի կատար են ածվել կախաղանի միջոցով:

«Աում Սինրիկյո» կրոնական աղանդը հիմնադրվել է 1987 թվականին: Տարբեր տեղեկություններով՝ աղանդի անդամների թիվը հասնում է 30-ից մինչեւ 50 հազար մարդու, որոնց մեծ մասը գտնվում է Ռուսաստանում, որտեղ աղանդավորներն ակտիվ գործունեություն են ծավալել:

«Աում Սինրիկյո» անվանումը նշանակում է «Բարձրագույն ճշմարտություն»: Նախապես աղանդի էկլեկտիկ ուսմունքը համատեղում էր բուդդայականության եւ հինդուիզմի սկզբունքները, իսկ այնուհետեւ քրիստոնեական ապոկալիպսիսի մարգարեությունը:

Աղանդի հիմնադիր Սյոկո Ասահարան (իսկական անունն է Տաձուո Մացումոտո) իրեն միաժամանակ Քրիստոս էր հռչակել եւ առաջին մարդը, որը Բուդդայից հետո պայծառակերպության է հասել:

Աղանդը Ճապոնիայում կրոնական կազմակերպության պաշտոնական կարգավիճակ է ստացել 1989 թվականին: Հետեւորդների թիվը սրընթաց աճել է ամբողջ աշխարհում: Ասահարան դասախոսություններ է կարդացել համալսարաններում եւ մի քանի գիրք հրատարակել:

Աղանդն աստիճանաբար վերափոխվել է պարանոիդային պաշտամունքի, որը քարոզել է աշխարհի մոտալուտ կործանումը: Նրանք պնդում էին, որ տեղի է ունենալու Երրորդ համաշխարհային պատերազմ, որից հետո ողջ են մնալու միայն աղանդի անդամները:

Հետագայում աղանդն ավելի հաճախ է դիմել բռնության՝ առեւանգելով, ծեծելով ու սպանելով իր հակառակորդներին, հաճախ իր հարձակումների ժամանակ քիմիական զենք օգտագործելով:

«Աում Սինրիկյոն» ամբողջ աշխարհում հայտնի դարձավ 1995 թվականի մարտի 20-ին Տոկիոյի մետրոյում իրականացրած ահաբեկչությունից հետո: Աղանդի անդամները պիկ ժամին Տոկիոյի կենտրոնական շրջաններով անցնող մետրոյի գնացքներում հովանոցներով ծակել էին զարին գազի փաթեթները:

Արդյունքում զոհվել էր 13 մարդ, մոտ 6 հազարը ծանրության տարբեր աստիճանի թունավորում ստացել:

Ահաբեկչությունից հետո աղանդի անդամները կանգնել են դատարանի առաջ: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել ընդհանուր 200 մարդ: Նրանցից 13-ը դատապարտվել էր մահապատժի:

Վերջինը դատապարտվել է Կացույա Տակահասին, որը 17 տարի թաքնվելուց հետո կալանավորվել էր 2012-ի հունիսին: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:

 

Լրահոս

Դիտել ավելին