Կարևոր իրադարձություններ

Տիգրան Աբրահամյան. «Կուտակումների ակտիվության որոշակի նվազում ունենք». «Փաստ»

05 Հուլիս, 2018 08:45
Տիգրան Աբրահամյան. «Կուտակումների ակտիվության որոշակի նվազում ունենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` գրեթե մեկ ամիս առաջ Ադրբեջանը բավականին ակտիվացել էր արցախա–ադրբեջանական սահմանին: Այդ վարքագիծը դրսևորվում էր հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժերով և դիպուկահարների ակտիվությամբ: 

 

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանից «Փաստ»–ը փորձեց մեկնաբանություն ստանալ սահմանային ներկա իրավիճակի վերաբերյալ:

«Կուտակումների ակտիվության որոշակի նվազում ունենք: Ամենայն հավանականությամբ` այդ նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում հուլիսի 2–6–ը մասշտաբային զորավարժություններ են նախատեսված: Ենթադրում եմ, որ հիմնական զորքերի տեղաշարժը զորավարժության վայրում է: Այս պահին մենք չունենք հակառակորդի ակտիվության այն իրավիճակը, այն կուտակումները, ինչն ունեինք երկու կամ երեք շաբաթ առաջ: Այդ առումով ակտիվության նվազում կա»,–մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը:

Հարցին, թե վերջին երեք ամիսների կտրվածքով հրադադարի ռեժիմը խախտելու վիճակագրությունն ինչպիսի՞ն է, Արցախի նախագահի խորհրդականը պատասխանեց. «Մեծ հաշվով` հրադադարի ռեժիմի խախտումների վիճակագրությունը այդքան էլ կապ չունի առաջնագծում Ադրբեջանի ակտիվության հետ: Որովհետև, օրինակ, կարող է հրաձգային զենքերի կամ գնդացիրների միջոցով խախտումների դեպքերը նվազեն, բայց առաջնագծում լարվածությունը դրանից չնվազի: Իհարկե, հրաձգային զենքերի միջոցով խախտումների նվազում կա, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր ակտիվությունը վերջին երեք ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: Ավելին` այս պահին, և հատկապես ապրիլ ամսից սկսած, հակառակորդը մշտապես ակտիվության տարբեր դրսևորումներ է ցուցաբերում: Այնպես որ` զուտ վիճակագրական տվյալները ոչնչի մասին չեն խոսում»:

Տիգրան Աբրահամյանից նաև հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ իրավիճակ է քարոզչական դաշտում:

«Ճիշտ է` բուն առաջնագծում զորքերի տեղաշարժերի առումով նվազում կա, սակայն քարոզչական դաշտում Արդբեջանի ակտիվությունը պահպանվում է: Վերջին շրջանում ադրբեջանական կողմի քարոզչական ակտիվությունը ոչ միայն չի նվազել, այլև բավականին աճել է: Վերջին դրսևորումը ռուս փորձագետների, պատգամավորների ու նաև լրագրողների այցն էր շփման գծի հարավային ուղղություն: Իրենց կողմից կազմակերպած ինչ–որ արհեստական կոնֆերանսի միջոցով փորձելու էին այդ շրջանակից հակահայկական հայտարարություններ պոկել, և ինչ–որ տեղ նրանց մոտ ստացվել էր»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

 

Քարոզչական դաշտում առկա այլ դրսևորումներ ևս կան:

«Ադրբեջանական կողմը փորձում է նաև օգտագործել հայկական մամուլում մեր զինված ուժերի հետ առնչվող բոլոր լրատվական հոսքերը: Բնականաբար` դրանք ուռճացվում են, նաև այլ համատեքստում օգտագործում` փորձելով ցույց տալ, թե իբրև հայկական բանակի վիճակը վատ  է և այլն: Այսինքն` մամուլում տեղ գտնող հրապարակումներով փորձում են «խաղալ»»,–նշեց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը վերցնում է նյութերի «ամենահարմար» հատվածը ու այդ հատվածի վրա ինչ–որ քարոզչական բաներ է սարքում: 

«Ամեն դեպքում վերջին տարիներին թե՛ հայկական մամուլը և թե՛ հայ հասարակությունը սովորել են ադրբեջանական կողմի ապատեղեկատվություններին: Միշտ չէ, որ ապատեղեկատվության խայծը մեզ մոտ ընդունվել է, բայց, ամեն դեպքում, Ադրբեջանն իր ջանքերն այդ ուղղությամբ շարունակում է: Այն լուրերը, որոնք տեղեկատվական լուրջ վտանգ են ներկայացնում, դրանց վերաբերյալ մենք փորձում ենք ժամանակին և օպերատիվ ձևով արձագանքել: Բայց Ադրբեջանը հիմնականում աղբ է տարածում, և ոչ միշտ է, որ արձագանքելու անհրաժեշտություն է առաջանում»,–եզրափակեց Տ. Աբրահամյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին