Կարևոր իրադարձություններ

Թաիլանդի փրկարարները պատրաստվում են տարհանել քարանձավում 12 օր թակարդված երեխաներին

04 Հուլիս, 2018 11:51
Թաիլանդի փրկարարները պատրաստվում են տարհանել քարանձավում 12 օր թակարդված երեխաներին

Թաիլանդի հյուսիսում գտնվող ու մասամբ ջրով լցված Թհամ Լուանգ քարանձավում շարունակում են թակարդված մնալ 12 երեխաներն ու նրանց մարզիչը, որոնց տարհանման գործողությունը բավական բարդ է լինելու:

Հայտնի է, որ երեխաները քարանձավում են գտնվում հունիսի 23-ից: Նրանք չեն կարողանում դուրս գալ, քանի որ տեղատարափ անձրևները լցվել են քարանձավն ու մասամբ փակել անցումները:

Ինչպես նշում է ria.ru-ն, գործողության անցկացման մասին վերջնական որոշումը կայացվելու է հուլիսի 4-ին՝ օրվա ընթացքում:

Հայտնի է, որ երեխաները գտնվում են ստորգետնյա համալիրի գլխավոր մուտքից 6 կմ հեռավորության վրա:

Փրկարարական գործողությունը կապված է մեծ բարդությունների հետ, քանի որ ջրի տակ շնչելու մեխանիկական սարքից օգտվել չկարողացող ու լողալ չիմացող երեխաները ստիպված կլինեն արհեստավարժ ջրասուզորդների, Թաիլանդի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ռազմական լողորդների հետ կտրել-անցնել ամբողջությամբ ջրի մեջ գտնվող մեծ տարածքներ, մի կերպ անցնել քարանձավի նեղ միջանցքներով, որպեսզի ի վերջո հասնեն ելքին:

 

Հայտնի է, որ սկզբում թակարդվածներին փրկելու համար որոշվել էր քարանձավի վերին հատվածից ուղղահայաց անցք բացել, բայց փորման աշխատանքների ժամանակ նրանք բախվել են գրանիտային շերտի, որը փորելն անհնար էր:

Մինչդեռ այս օրերին սկսված տեղատարափ անձրևները սպառնում են ամբողջությամբ հեղեղել քարանձավը: Այդ դեպքում երեխաներին ու նրանց մարզչին փրկելու գործողությունը կարող է հետաձգվել մի քանի ամսով:

Այժմ իշխանությունները հնարավորության սահմաններում քարանձավից դուրս են քաշում անձրևաջուրը, որպեսզի ջրի մակարդակը չբարձրանա ու չվտանգի երեխաների կյանքը:

Ներկայում փրկարարները երեխաներին տեղափոխել են քարանձավի ապահով սրահներից մեկը՝ սպասելով փորձառու լողորդների ու ջրասուզորդների խմբի ժամանմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին