Կարևոր իրադարձություններ

«Մենք անգամ սեփական էշ չունենք, գնում ենք, Իսրայելի հետ ենք համեմատվո՞ւմ». «Փաստ»

04 Հուլիս, 2018 08:00
«Մենք անգամ սեփական էշ չունենք, գնում ենք, Իսրայելի հետ ենք համեմատվո՞ւմ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս խայտառակ «Ընտրական օրենսգրքից» ռեյտինգային ընտրակարգն ընդհանրապես պետք է հանել, համոզված է ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա կարծիքով, անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցան անգամ նրանք, ում նույնիսկ իրենց ընտանիքի անդամները ձայն չէին տա ու չէին ընտրի:

«Ռեյտինգայինի հաշվին մեկը 45 հազար, մյուսը 30 հազար, մյուսը 20 հազար ձայն են բերել կուսակցությանը, որի հաշվին պատգամավոր են դարձել անգամ ուրիշ կուսակցությունների ներկայացուցիչները: Սա խայտառակ ընտրական օրենսգիրք է, որն ընդհանրապես պետք է փոխվի: Ես դրա կողմնակիցն եմ»,– ասաց Հ. Հարությունյանը:

Նրա կարծիքով, իրականում ԱԺ պատգամավորն իրապես պետք է ներկայացնի իր ընտրողների հետաքրքրություններն ու կամքը, բայց այս օրենսգրքով ընտրողն ընտրում է մեկին, սակայն խորհրդարան է անցնում այնպիսի մեկը, ով կապ չունի այդ ընտրողների հետ: Հ. Հարությունյանը հույս ունի նաև, որ նոր իշխանությունների գալով՝ «թաղային հեղինակություններ» կոչվող «ինստիտուտը» նույնպես կվերանա: 

«Այդ հեղինակություններին հենց իշխանություններն են ստեղծում: Եվ եթե իշխանությունները չօգնեն այդ մարդկանց, նրանք երբեք չեն կարող հեղինակություն լինել: Ես հեղինակություն չեմ ընդունում: Ընդունում եմ հարգանք տվյալ մարդու նկատմամբ, բայց, իմ համոզմամբ, կուսակցությունները չպետք է թաղային հեղինակություններին ընդգրկեն իրենց նախընտրական ցուցակներում: Միայն պետք է ընդգրկվեն քաղաքական գործիչները»,– ասաց Հ. Հարությունյանը: 

Բայց զարմանալի է, որ ինչպես նախկինում՝ Սահմանադրության նոր տեքստի ընդունման ժամանակ, իրենցից ոչ ոք կարծիք չի հարցրել, այնպես էլ հիմա: Եվ ՀՀԿ– ականը ոչ նախկինում, ոչ էլ հիմա չգիտի, թե ինչ է այս մասին մտածում Հանրապետականը:

«Այն ժամանակ էլ հավաքվեցին մի քանի հոգի Հրայր Թովմասյանի գլխավորությամբ և ընտրեցին մի այնպիսի Սահմանադրություն, որի ձեռքը կրակն ընկան: Հիմա չեն իմանում՝ ինչ անեն: Թալանչիներին պատժում են՝ ճիշտ են անում, ավազակներին, գողերին և այլն, պատժում են՝ ճիշտ են անում, բայց իմ կարծիքով՝ պետք է պետական այն գործիչները ևս պատժվեն, որոնք գիտակցաբար այնպիսի օրենքներ են հեղինակում, որոնք հետագայում խնդիրներ են առաջացնում: Մեր սահմանադրագետները գիտեն, որ պատերազմող երկիրը խորհրդարանական կառավարման համակարգ ենթադրող Սահմանադրություն չի կարող ունենալ: Եվ երբեք պետք չէ Իսրայելին և Հայաստանին համեմատել ու ասել, որ այնտեղ էլ է նույնը: Իսրայելը չի պատերազմում, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է նրա փոխարեն պատերազմում: Մենք անգամ սեփական էշ չունենք, գնում ենք Իսրայելի հետ ենք համեմատվո՞ւմ: Նշաններն այնպիսին, են, որ ամեն ինչ էլ կփոխվի: Հարկավոր է և՛ տնտեսության կառավարումը փոխել, և՛ Սահմանադրությունը, և՛ օրենքները, և՛ շատ ու շատ բաներ»,– ասաց Հ. Հարությունյանը:

Խոսելով Սահմանադրության նոր տեքստի մասին՝ նա նշեց, որ ինքը միայն Հ. Թովմասյանին չի քննադատում, այլ բոլոր նրանց, ովքեր իրենց հզոր սահմանադրագետների տեղ էին դնում, բայց նման որոշում կայացրեցին: Ու թեև նա կողմ չէր, որ Սահմանադրությունը փոխվեր, սակայն համաձայն է նաև, որ հակառակ դեպքում հնարավոր չէր լինի երկրում իրավիճակ չփոխել: Ինչ վերաբերում է Հ. Թովմասյանին ու մյուսներին, որոնք ընդամենը մեկ անձի ցանկություն են փորձել իրականացնել, պետք է այլ ձևով գործեին:

«Ես չգիտեմ՝ ում պատվերն են կատարել: Ես միայն Հ. Թովմասյանին չէ, որ քննադատում եմ, բա թող ասեին, որ նման իրավիճակում չի կարելի կառավարման համակարգ փոխել: Այս նոր Սահմանադրությունը ձեռնտու էր միայն հեղափոխական ուժերին: Նրանք հենվեցին այդ ախմախ Սահմանադրության վրա և նման հաջողության հասան: Ես նախկին իշխանական կուսակցության անդամ եմ, նախկին ԱԺ պատգամավոր: Ինչ է, ես իմ կուսկացության մասին չեմ մտածո՞ւմ, բայց ես օբյեկտիվ եմ նայում ամեն ինչին: Հեղափոխությունից մոտ 50 օր է անցել, սկիզբը շատ խոստումնալից է, և ես մամուլով ողջունել եմ նոր իշխանություններին, բայց դրանով ի՞նչ փոխվեց: Կառավարման համակարգը փոխվե՞ց»,– ասաց Հ. Հարությունյանը: 

ՀՀԿ–ականի կարծիքով, այս պահին դժվար է ասել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իրենց կուսակցությունը հայկական ներքաղաքական կյանքում ինչ դերակատարում կունենա և որքան պատգամավորներ կունենա, բայց որ կուսակցությունն ամենակայացածն է Հայաստանում՝ նրա համոզմամբ, երկու կարծիք լինել չի կարող: 

«Անձերը կարող են կուսակցությունը վարկաբեկել, բայց կուսակցության գաղափարախոսությունը վարկաբեկել հնարավոր չէ: Եվ ՀՀԿ–ն, լինելով ազգային կուսակցություն, մշտապես իր քաղաքական դերն է ունենալու մեր պետության կյանքում»,– ասաց Հ. Հարությունյանը: 

Խոսելով օդիոզ դեմքերից կուսակցությունը «մաքրելու» մասին՝ նախկին պատգամավորն ասաց, որ նրանք պետք է ուղղակի հեռացվեն կուսակցությունից, քանի որ, իր խոսքով, իրենք նմանների «շնորհիվ» են այս օրին հասել: Նա պատրաստ է այդ մասին ասել ոչ միայն խորհրդի նիստում, այլև համագումարի ժամանակ:

«ՀՀԿ–ն Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ու նրանց նմանների կուսակցությունն է, ոչ թե օդիոզ դեմքերի: Եվ տասնյակ հազարավոր ազնիվ մարդիկ կան հանրապետականում, որոնք կուսակցության գաղափարակիրներն են, սակայն նրանք նույնպես վարկաբեկվում են մի քանիսի պատճառով: Բայց կարծում եմ, որ ինքնամաքրման պրոցեսը շատ արագ կլինի և կուսակցությունը նորից իր կշիռը ձեռք կբերի քաղաքական կյանքում»,– ասաց նախկին պատգամավորը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին