Կարևոր իրադարձություններ

Ոստիկաններն անտարբեր են դարձել, որովհետև վատամարդ չեն ուզում դառնալ. «Փաստ»

04 Հուլիս, 2018 08:30
Ոստիկաններն անտարբեր են դարձել, որովհետև վատամարդ չեն ուզում դառնալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավական ժամանակ է անցել, ինչ սկսել է գործել վարորդների կողմից կատարվող որոշ խախտումների չարձանագրումը կամ դրանց վերաբերյալ նկատողությամբ բավարարվելը: Սակայն այդ բարեփոխումների արդյունքները դեռևս դժվար է դրական գնահատել: Վարորդների կողմից անկանոն երթևեկությունն ու խախտումների թվի ավելացումը փաստում են այդ մասին: 

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության կողմից Ֆեսյբուք սոցիալական ցանցում հարցումներ են արվել: Դրանք նույնպես փաստում են թե՛ երթևեկության ավելի վտանգավոր դառնալու և թե՛ ճանապարհային ոստիկանների՝ սեփական աշխատանքում թերանալու մասին:

Հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ վարչապետի քաղաքական հայտարարության հիման վրա որոշ ուժային կառույցներ ինչ–որ ենթադրություններ են արել, բանավոր կերպով ճշտել են և դրա հիման վրա որոշում կայացրել, որ տուգանքների մի մասը չեն արձանագրելու տեսանկարահանող սարքերի միջոցով, իսկ ճանապարհային ոստիկանների կողմից էլ լինելու են բանավոր նկատողություններ: Սակայն ինչպես նա է նշում՝ բանավոր նկատողությունների պահը ընդհանրապես չի գործում: Ասում է՝ 100 ճանապարհային ոստիկանից մեկը կարող է 100 դրվագից մեկում ինչ–որ բան անի, այն էլ այն դեպքում, երբ ուրիշ ճար չունի:

«Ճանապարհային ոստիկանները բավական անտարբեր են դարձել փողոցներում, քանի որ հիմա վարորդներից որևէ ակնկալիք չունեն, չեն ցանկանում վատամարդ դուրս գալ: Այնպիսի տպավորություն է, թե դուրս են գալիս, իրենց աշխատանքային ժամանակը սպառում, գնում տուն: Սա նկատվել է 100–ավոր վարորդների կողմից:

Այսօր երթևեկության վիճակը վատացել է: Ավելի մեղմ պատժամիջոցներ կիրառելուց հետո երթևեկության որոշ մասնակիցներ սկսել են առիթից օգտվել, դրան գումարած՝ ոստիկանների անտարբերությունը: Այդ երկու գործոնի հետևանքով երթևեկությունն անկանոն է դարձել:

Մեր գրասենյակի կողմից արձանագրած փաստն այն է, որ ցանկացած փոփոխությունից հետո միշտ այսպես է լինում, լինում է թեթև ցնցում, որից հետո ամեն ինչ կրկին ընկնում է հունի մեջ: Պարզապես դեռ բավական ժամանակ չի անցել: Այդ որոշումները սպոնտան են, ինչ–որ հստակ ցուցումներ ու կառավարության որոշումներ դրանց վերաբերյալ չկան: Վարչապետը մեկ բան ասել է, պետական կառույցներն էլ փորձում են հաճոյանալ: Վարչապետն ասել է թալանի քաղաքականությունը թարգեք, հիմա փորձում են թարգել, որի ժամանակ կոռուպցիան արմատախիլ է արվում: Բայց այդ երկու լավ երևույթից վատ հետևանք է առաջանում, իսկ որոշ պետական կառույցներ անգործության են մատնվում»,– նշեց նա: 

Խնդրի հետ կապված քննարկումներ ՃՈ–ի հետ եղե՞լ են հարցին պատասխանեց, որ քննարկումներ եղել են, բայց ոստիկանությունը հերքում է ոստիկանների անգործության մասին վարկածը, ասում են, թե ՃՈ–երը անընդհատ աշխատում են, բայց իրենք արձանագրած փաստեր ունեն, տեսա և ձայնանկարահանումներ:

Պեդանյանի խոսքով, չգրված օրենք կա, որն ասում է, թե կտրուկ փոփոխությունից հետո ցնցում է տեղի ունենում ու ժամանակի հետ ամեն ինչ գալիս ընկնում է իր տեղը: Երբ օրինականությունից են խոսում, պետք է պատրաստ լինեք նեղություն տալ ինքներդ ձեզ:

«Պետք է ոսկե միջին գտնել, որը հիմա փնտրվում է, ինչը դրսևորվում է վերահսկող կառույցի կողմից փոխզիջումներ անելով, տվյալ դեպքում 7–8 տուգանքի տեսակի փոխարինումը նկատողությամբ, բայց պետք է լինի նաև մյուս կողմի՝ վարորդների աջակցությունը, որը չկա: 

Պետք է աշխատել հասարակական գիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Բայց նմանատիպ աշխատանքներ չեն տարվում: Պետական մակարդակով կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեն: Իրազեկվածության մակարդակը բարձրացվի, քարոզչական գործընթաց լինի հեռուստաալիքներով, լրատվամիջոցներով տարբեր կառույցների կողմից: Եվ դա պետք է այնքան համոզիչ լինի, որ մարդիկ ուզենան փոխվել կամ ստիպված փոխվեն: Ենթագիտակցության վրա պետք է աշխատել»,– նշեց նա: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին