Կարևոր իրադարձություններ

Մահացել է հասարակական գործիչ, տնտեսագետ Սարգիս Գրիգորյանը

03 Հուլիս, 2018 22:23
Մահացել է հասարակական գործիչ, տնտեսագետ Սարգիս Գրիգորյանը

Երկարատև հիվանդությունից 64 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է հայտնի հասարակական գործիչ, տնտեսագետ, ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Սարգիս Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց:

Սարգիս Աբրահամի Գրիգորյանը ծնվել է 1954 թվականի մարտի 16-ին Թբիլիսիում:  1974-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1974-2003-ին զբաղեցրել է մի շարք պատասխանատու և ղեկավար պաշտոններ Հայաստանի գյուղատնտեսության, մաքսային, հարկային, կապի, տրանսպորտի, պետական եկամուտների ոլորտներում:

2003 - 2018 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:

Գրիգորյանը հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական էր։

Սարգիս Գրիգորյանը երկար տարիներ զբաղվել է հանդբոլով, հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում: Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն (1974-76թթ), ճանաչվել է հանրապետության հանդբոլի լավագույն դարպասապահ: Անմիջական մասնակցություն է ունեցել անկախության տարիներին պետական կառավարման համակարգի կայացմանը: Մեծ է նրա դերակատարությունն ու աջակցությունը միջազգային ասպարեզում հայ արվեստի ներկայացման ու տարածման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին