Կարևոր իրադարձություններ

Եվրահանձնաժողովի ղեկավարը միգրացիոն համաձայնագիրը համարում է ԵՄ օրենքներին համապատասխան

03 Հուլիս, 2018 20:00
Եվրահանձնաժողովի ղեկավարը միգրացիոն համաձայնագիրը համարում է ԵՄ օրենքներին համապատասխան

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ գերմանա-ավստրիական սահմանին միգրացիայի կարգավորման հարցերով համաձայնագիրը, որը կնքվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության միջև, հավանաբար, չի հակասում Եվրամիության օրենսդրությանը: 

Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է հուլիսի 3-ին Ստրասբուրգում: Միևնույն ժամանակ, վերջինս նշել է, որ դեռևս տեղյակ չէ կնքված համաձայնագրի մանրամասներից և ԵՄ իրավաբանական ծառայությանը խնդրում է հանգամանալից ուսումնասիրել այն:

Միևնույն ժամանակ Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը Յունկերի հետ համատեղ ասուլիսում ընդգծել է, որ խոսքը դեռևս երկու կուսակցությունների միջև կնքված համաձայնագրի մասին է, և գերմանական կառավարությանը կոչ է արել պարզաբանել իր դիրքորոշումը:


Ինտենսիվ բանակցություններից հետո հուլիսի 2-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը և կանցլեր Անգելա Մերկելը համաձայնության են եկել միգրացիոն գործընթացում: Ինչպես որոշվել էր, Եվրամիության մյուս երկրներում գրանցված ներգաղթյալները կարճ ժամանակով կարող են տեղաբաշխվել տրանզիտային կենտրոններում, այնուհետև ուղարկվել ԵՄ համապատասխան երկրներ:

 

Լրահոս

Դիտել ավելին