Կարևոր իրադարձություններ

«Ժամանակն է՝ հայկական կողմը համաշխարհային լայն հանրությանը փաստարկված կերպով ներկայացնի Նախիջևանի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հիմնահարցի իրական պատմությունը»

03 Հուլիս, 2018 17:50
Հեղինակ՝ Ռուբեն Շուխյան
«Ժամանակն է՝ հայկական կողմը համաշխարհային լայն հանրությանը փաստարկված կերպով ներկայացնի Նախիջևանի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հիմնահարցի իրական պատմությունը»

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

Նախիջևանը Հայաստանի Հանրապետության անբաժան մասն էր.

Վերջին շաբաթներին Ադրբեջանը փորձեր է ձեռնարկում սրել իրադրությունը Հայաստանի և Նախիջևանի սահմանագլխին, մասնավորապես՝ Արենի գյուղի հարակից հատվածում: Այդ առումով միանգամայն ճիշտ են հայաստանյան այն փորձագետների շեշտադրումները, որ ժամանակն է, որ հայկական կողմը համաշխարհային լայն հանրությանը փաստարկված կերպով ներկայացնի Նախիջևանի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հիմնահարցի իրական պատմությունը:

Ներկայացվող քարտեզում Ռուսական կայսրության մաս հանդիսացող Երևանի նահանգն է՝ իր գավառներով: Երբ 1828-ին Արևելյան Հայաստանը ներառվեց Ռուսական կայսրության կազմի մեջ՝ այդ ժամանակ ստեղծվեց առանձին ազգային վարչական միավոր, որն անվանակոչվեց Հայկական մարզ, և Նախիջևանը բնականաբար նույնպես ընդգրկվեց Հայկական մարզի կազմում: 1849-ից այդ նույն տարածքի վրա ձևավորվում է արդեն Երևանի նահանգը՝ իր յոթ գավառներով, որը գոյատևեց ընդհուպ մինչև 1917-ի հոկտեմբերյան հեղաշրջումը:

Այնուհետև Նախիջևանի երկրամասն արդեն անկախ Հայաստանի կազմում էր: 1920-ի հունվարի 19-ին Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը՝ իր գերակայության տակ գտնվող տարածքներում: Հայաստանի պետական սահմաններն այդ պահին և՛ դե-ֆակտո, և՛ դե-յուրե ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի և Սուրմալու-Իգդիրի գավառները) և Կարսի մարզի վարչական սահմաններն ամբողջությամբ՝ շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր:

1920-ի աշնանը բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման արդյունքում անկախ Հայաստանի ողջ տարածքը ռազմակալվեց և մասնատվեց այդ երկու կողմերի ազդեցությունների գոտիների: 1921-ի մարտին կնքված Մոսկվայի ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի հիման վրա Նախիջևանը անսպասելի կերպով հանձվեց Ադրբեջանի խնամալակության ներքո: Դա այն դեպքում, երբ 1920-ի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և բոլշևիկյան Ռուսաստանի միջև ստորագրված իշխանության փոխանցման համաձայնագրում նախկին Երևանի նահանգն ամբողջությամբ ամրագրվել էր որպես նոր ստեղծվող Սովետական Հայաստանի անձեռնմխելի տարածք:

Հատկանշանակ է, որ Մոսկվայի պայմանագրի տակ չկա ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական ներկայցուցիչների ստորագրությունը: Ստացվում է, որ պայմանագրի կողմերը (ռուսական և թուրքական) պայմանագիր են կնքել երրորդ և չորրորդ կողմերի վերաբերյալ՝ իսկ դա միջազգային իրավունքի պարտադիր և անբեկանելի հիմնադրույթների խախտում է, և իրավական առումով այդ պայմանագիրը չի կարող վավեր համարվել։ Միակ փաստաթուղթը, որի տակ ստորագրել է հայկական կողմը՝ դա Կարսի պայմանագիրն է, որը ստորագրվել է 1921-ի հոկտեմբերին երկու հայ բոլշևիկների՝ Ասքանազ Մռավյանի և Պողոս Մակինցյանի կողմից: Որքան հայտնի է, Կարսի պայմանագիրը վավերացվել է միայն Սովետական Ռուսաստանի կառավարության կողմից 1922-ի մարտին, այսինքն՝ դա արվել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխարեն, որը նույնպես իրավական առումով բացահայտ խախտում է:

Կարսի պայմանագրի կնքման աշխատանքների ընթացքում թուրքական կողմը փորձել է միջամտել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի նաև առանձին համաձայնագիր՝ Նախիջևանի սահմանների վերջնական ճշգրտման առումով: Սակայն հայկական և ադրբեջանական կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ նմանատիպի համաձայնագիր կստորագրվի հետագայում՝ երկու հանրապետությունների միջև կայանալիք բանակցությունների ընթացքում: Բայց դա այդպես էլ տեղի չունեցավ, և փաստորեն Նախիջևանի հարցով սահմանների ճշգրտման առանձին համաձայնագիր Հայաստանն ու Ադրբեջանը այդպես էլ չկնքեցին:

Այս ամենից հետո, եթե ուշադիր նայենք ներկայացված քարտեզը, ապա հստակ երևում է, որ 1924-ի փետրվարին ձևավորված ներկայիս Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմի մեջ է ներառվել նաև Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազ գավառի հարավային հատվածը՝ Շարուրի շրջանը, որի շնորհիվ էլ հետագա տարիներին Թուրքիան կարողացավ Իրանի հետ հողատարածք փոխանակել և սահմանակից դառնալ Նախիջևանին:

 

Լրահոս

Դիտել ավելին