Կարևոր իրադարձություններ

Հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է Թուրքիայում նախարարի պաշտոն զբաղեցնելու մասին լուրերը

03 Հուլիս, 2018 11:30
Հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է Թուրքիայում նախարարի պաշտոն զբաղեցնելու մասին լուրերը

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է թուրքական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, թե Թուրքիայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել:Այս մասին Աճեմօղլուն ասել է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի հետ զրույցում:

Ի պատասխան այն պնդումների, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է երկրի տնտեսության ղեկին նախարարի պաշտոնում նշանակելու է Աճեմօղլուին՝ տնտեսագետն ասել է, որ նման առաջարկ չի ստացել: «Ոչ ոք ինձ հետ կոնտակտի մեջ չի մտել: Կարծում եմ՝ դրանք պարզապես բամբասանքներ են»,- ասել է նա:

Խոսելով Թուրքիայի տնտեսության մասին՝ նա նշել է, որ այն կառուցվածքային խնդիրներ ունի: Նա ընդգծել է, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրի տնտեսությունում արտադրողականության աճ չի եղել, տեխնոլոգիական զարգացումներից կամ անշարժ գույքի սեկտորից բացի ներդրումների աճ չի գրանցվել: «Թուրքիայի տնտեսությունում կտրուկ անկման ռիսկ կա»,- ասել է տնտեսագետը:

Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին հաղորդել այն մասին, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր կազմվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Թուրք լրագրող Նագեհան Ալչըն, հենվելով անանուն աղբյուրների վրա, հայտնել էր, թե Էրդողանը «Աճեմօղլուին կարող է առաջարկել բոլոր լիազորություններով ղեկավարել թուրքական տնտեսությունը»:

Դարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Արժանացել է շատ մրցանակների ու պարգևների:

 

Լրահոս

Դիտել ավելին