Կարևոր իրադարձություններ

Սատանայի փաստաբանի ժողովրդավարական փայլատակումները. ոչինչ չի մոռացվել

02 Հուլիս, 2018 23:22
Սատանայի փաստաբանի ժողովրդավարական փայլատակումները. ոչինչ չի մոռացվել

«Ֆիքսված ցուցակներով 100 տոկոսով համամասնական ընտրակարգը լուրջ թերություններ ունի, այն համարվում է պակաս ժողովրդավար համակարգ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններին և «ռեյտինգային» ընտրակարգից ամբողջությամբ հրաժարվելու որոշմանը, որը կայացրել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը: Դավիթ Հարությունյանը իր տեսակետը հիմնավորող մի շարք դրույթներ է առաջ քաշում, դրանց հետ կարելի է համաձայնել կամ ոչ, քննարկել դրանք, ընդունել կամ մերժել։ Բայց խնդիրը Դավիթ Հարությունյանի գնահատականի ոչ թե բովանդակությունն է, այլ գնահատական հնչեցնելու փաստն ինքին։

Բանն այն է, որ Դավիթ Հարությունյանը, անցած գրեթե 20 տարիներին զբաղեցնելով ամենատարբեր պետական բարձր պաշտոններ, իր կրթվածությամբ ու ինտելեկտով ապահովել է քոչարյանական, ապա սարգսյանական ռեժիմների ապօրինությունների լեգիտիմացումն ու լղոզումը ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհում՝ միջազգային ամենատարբեր կառույցներում։ Հենց Դավիթ Հարությունյանն էր 2008 թվականի Մարտի 1-ից հետո եվրոպական ատյաններում արդարացնում ու հիմնավորում իշխանության իրականացրած սպանդը, հենց Դավիթ Հարությունյանն էր արդարադատության նախարարի պաշտոնում իրականացնում դատական համակարգի դեգրադացումն ապահովող բոլոր համակարգային «բարեփոխումները»։ Դավիթ Հարությունյանը շարքային Հանրապետական չէ, ոչ էլ շարքային նախկին պաշտոնյա։ Նա մեկն է այն եզակի իշխանական «կարդացածներից», ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը, կարողություններն ու հմտությունները ծառայեցրել են ոչ թե ի պետս Հայաստանի Հանրապետության, այլ ի շահ պահի գործող իշխանության։ Դա արել են անգամ այն դեպքերում, երբ իշխանության անօրինականությունները եղել են ակնհայտ, երբ դրանք արժեցել են մարդկային կյանքեր։ Ու այդքանից հետո խոսել ժողովրդավարության հետընթացի մասին, մեղմ ասած, կոռեկտ չէ։ Որովհետև Դավիթ Հարությունյանի ու նրա նման ինտելեկտուալների հասցված վնասը պետությանն ու հասարակությանը շատ ավելի մեծ ու ծանր է, քան օդիոզ Հանրապետականների՝ Շմայսի կամ Մանվել Գրիգորյանի։ Վերջիներս դա արել են իրենց ինտելեկտին համապատասխան, գուցե հաճախ չգիտակցելով, իսկ Դավիթ Հարությունյանն ու նրա ուսյալ ընկերները դա արել են միանգամայն գիտակցված ու կշռադատված, բռնապետությանը ծառայել են իրենց անձնական ընտրության ու որոշման արդյունքում, ծառայել են՝ դրա դիմաց ստանալով նույնպիսի արտոնություններ, ինչպիսիք ստացել են իշխանության ընդդիմախոսներին հայհոյող ու սպառնացող շմայսներն ու մանվելները։

 

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա այո, գուցե առաջարկվող փոփոխություններում կան քննարկելի, վիճելի դրույթներ, ինչը միանգամայն բնական է։ Բայց կա կարևոր մի առանձնահատկություն. նորմալ, ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման գլխավոր, կարևորագույն նախապայմանը այդպիսի ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքն է, որն ակնհայտորեն առկա է նոր իշխանության մոտ։ Ահա այդ կամքի առկայության դեպքում կարելի է արդար ու միանգամայն լեգիտիմ ընտրություններ անցկացնել նույնիսկ ամենավատ Ընտրական օրենսգրքով և հակառակը՝ քաղաքական կամքի բացակայության դեպքում անգամ ամենապսպղուն ու միջազգային կառույցների ամենադրվատական գնահատականների արժանացած օրենսդրությամբ կարելի է ապականել ընտրությունները, ինչը հանրապետական իշխանությունն արել է շուրջ երկու տասնամյակ՝ սկզբում Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Դավիթ Հարությունյանը ՀՀԿ-ի, այսպես կոչված, քաղաքական թևի ներկայացուցիչն է, այն թևի, որով, ամենայն հավանականությամբ, այդ կուսակցությունը փորձելու է ռեաբիլիտացիայի ենթարկվել և մասնակցել առաջիկա ընտրություններին։ Դա լինելու է հասարակությանը հերթական անգամ խաբելու փորձ, գրագետ խոսել կարեցողների միջոցով անգրագետ ու բռնի իշխանությունը վերակենդանացնելու փորձ, որի հանդեպ հասարակությունը պետք է որ իմունիտետ ունենա։ Դավիթ Հարությունյանը 20 տարի ծառայել է այն իշխանությանը, որի անդամների տների խուզարկություններից այսօր միլիոնավոր դոլարներ ու համարժեք մսի պահածոներ են հայտնաբերվում։ Դավիթ Հարությունյանը ծառայել է այդ իշխանությանը և հարկ չի համարում անգամ այդ բացահայտումներից հետո ներողություն խնդրել հասարակությունից այն բանի համար, որ իր իրավական և այլ գիտելիքներով 20 տարի շարունակ սպասարկել է հանցախմբի հատկանիշներով գործած իշխանությանը։ Հիմա, ի դեպ, Դավիթ Հարությունյանը պատրաստվում է իրավական խորհրդատվությամբ զբաղվել մասնավոր հատվածում։ 20 տարի դրա դիմաց վճարել իշխանությունը՝ հասարակության ու հասարակությունից գողացված փողերով։ Հիմա նա նույնը ցանկանում է փորձել մասնավոր հատվածում։

 

Լրահոս

Դիտել ավելին