Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզպետը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալներին

02 Հուլիս, 2018 20:45
Գեղարքունիքի մարզպետը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալներին

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալներ Նարեկ Գրիգորյանին, Վահան Զարոյանին եւ Անուշավան Ղազարյանին:

« Նարեկ Գրիգորյանը եւ Վահան Զարոյանը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» , Անուշավան Ղազարյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Մարզպետի նախկին տեղակալ Արտաշես Նիկոյանը մարզպետարանում կշարունակի պաշտոնավարել մարզպետի գլխավոր խորհրդականի պաշտոնում:

Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք կհստակեցնենք այն ոլորտները, որոնք պետք է համակարգեն մարզպետի տեղակալները: Կարեւոր չէ, թե ով որ կուսակցությունն է ներկայացնում, քանի որ մենք պետք է աշխատենք մեկ թիմով եւ միասնական ջանքերով պետք է լուծենք մարզի առջեւ ծառացած բոլոր հիմնախնդիրները:

Մեզ սպասում է դժվարին ու հետեւողական աշխատանք»-շեշտեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը, Վահան Զարոյանը եւ Անուշավան Ղազարյանը, մեկառմեկ ծանոթանալով մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների կամ պատասխանատու աշխատակիցների հետ, հույս հայտնեցին, որ համագործակցված ու արդյունավետ աշխատանք կկատարեն իրենց համակարգման ոլորտներում՝ հենվելով մարզպետարանի աշխատակազմի անդամների աշխատանքային փորձի եւ մասնագիտական գիտելիքների վրա:

Հանդիպման ավարտին մարզպետ Իշխան Սաղաթելյանը մի շարք հանձնարարականներ տվեց՝ կապված աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման, բերքահավաքի եւ ոռոգման աշխատանքների, հանգստյան սեզոնի արդյունավետ կազմակերպման, քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ժամանակին ու համարժեքորեն արձագանքելու հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին