Կարևոր իրադարձություններ

Մինչ հուլիսի 5-ը սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ

02 Հուլիս, 2018 13:37
Մինչ հուլիսի 5-ը սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: 

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն անդրադարձել է բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհների առաջացման խնդրին և ձեռնարկվող միջոցառումներին: 

Ծառայության տնօրենը նշել է, որ օրերս Հայաստան-Նախիջևան սահմանին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 100հա խոտածածկ տարածք, բայց հրշեջ-փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը և կանխել դեպի անտառածածկ տարածքներ հասնելը: Տվյալ պահին իրավիճակը վերահսկվում է: 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները: Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում գրանցված այլ հրդեհների՝ գնդապետ Նահապետյանը նշել է, որ Կոտայքի մարզում գրանցվել է 40 հրդեհ, որից 4-ը սպասարկվել է Երևանի հրշեջ-փրկարարական ուժերով:

Հրդեհների առաջացման պատճառ է հանդիսացել նաև  հանգստի վայրերում քաղաքացիների անզգույշ վարքը: 

Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը ներկայացրել է առաջիկա եղանակի կանխատեսումը: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչ հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ, իսկ հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով: 

Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների կանխարգելման ու վերահսկողության ուղղությամբ, ինչպես նաև՝ ակտիվացնել տեղեկատվական աշխատանքները բնակչության շրջանում՝ ուշադրություն դարձնելով բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոններին: 

ՀՀ ԱԻ փոխնախարար Ա. Նազարյանը զեկուցել է, որ շարունակվում են գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու աշխատանքները: Այդ կապակցությամբ՝ նախարարը հանձնարարել է անել հնարավորը, որպեսզի գազի ներտնային սպասարկման անվտանգության վերահսկողությունը գտնվի ԱԻ համակարգի տիրույթում, ինչպես նաև՝ ներկայացնել առաջարկություններ՝ ձեռնարկություններում և ժամանցային վայրերում գազի մատակարարման հետ կապված հարցերը կարգավորելու ուղղությամբ:  

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Վ. Օհանյանն անդրադարձել է ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող ընկերությունների մենաշնորհային դիրքին, նշել, որ կազմվել են համապատասխան արձանագրություններ, և այս պահին դաշտը բաց է նոր համագործակցությունների համար: 

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենն իր զեկույցում նույնպես անդրադարձել է բարձր ջերմային ֆոնով պայմանավորված արտակարգ պատահարներին: Վ. Գևորգյանը նշել է, որ հնարավոր են և արդեն գրանցվել են գազաբալոնների պայթյուններ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շահագործվող գազաբալոնների մոտ 60% խորհրդային արտադրության է և հենց այդ գազաբալոններն էլ գտնվում են ռիսկային խմբում: 

Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությանը հանձնարարվել է մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը ավարտել դպրոցների սեյսմիկ վիճակի գնահատումը և ներկայացնել արդյունքները: 

Նախարար Հ. Ռոստոմյանը նշել է, որ ՀՀ ԱԻ համակարգը թևակոխում է պատասխանատու մի շրջան, որտեղ անհրաժեշտ է բոլոր օղակների զգոնությունն ու պատրաստականությունը: Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել աշխատանքները, հաշվառել տեխնիկական և մարդկային բոլոր ռեսուրսները, լրացնել բացթողումները՝ արտակարգ իրավիճակներից խուսափելու և դրանց դիմակայելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին